Ryanair ավիաընկերությունը վիճարկում է այն պնդումը, ըստ որի հուլիսին Հունաստանից Գերմանիա չվերթի ժամանակ իլյումինատորի կոտրվելուց հետո ուղևորի մարմնի մի մասը հայտնվել է ինքնաթիռից դուրս։ Միջադեպը հետաքննում է ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB), գրում է The Guardian-ը։

Ryanair-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրին Դուբլինում ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովից հետո լրագրողներին ասել է, որ 61-ամյա սերբ գործարար Լյուբիշա Կարովիչն իսկապես ենթարկվել է ճնշման կտրուկ տատանման ազդեցությանը և ձգվել դեպի կոտրված իլյումինատորը, սակայն, ավիաընկերության վարկածով, նրա մարմնի ոչ մի մաս դուրս չի եկել ինքնաթիռից։

«Նա, անկասկած, կտրուկ ձգվել է դեպի պատուհանը, բայց դրսում չի հայտնվել»,- ասել է Օ’Լիրին։ Նա հավելել է, որ ուղևորն ամրակապված է եղել անվտանգության գոտիով, և Ryanair-ը մտադիր է հետաքննության ավարտից հետո վիճարկել այն պնդումները, ըստ որոնց նրա գլուխը կամ ձեռքը հայտնվել են ինքնաթիռից դուրս։

Կարովիչի փաստաբանն ավելի վաղ պնդել էր, որ խցիկի հանկարծակի ապահերմետիկացումից հետո տղամարդու գլուխն ու աջ ձեռքը դուրս են մղվել կոտրված իլյումինատորից։ Ինքը՝ ուղևորը, The Guardian-ին պատմել էր, որ կարծում է՝ հենց անվտանգության գոտին է իրեն պահել ինքնաթիռում, երբ կորցրել է գիտակցությունը։

Տուժածի կինը՝ Սվետլանա Կարովիչը, ևս պատմել էր, որ տեսել է ամուսնուն «կեսը դրսում, կեսը՝ ինքնաթիռի ներսում»։ Նրա պատմելով՝ ուղևորներից մեկը, ենթադրաբար ալբանացի, օգնել է նրան հետ քաշել խցիկ։ Սկզբում այդ տղամարդը կոտրված իլյումինատորը փորձել է փակել պայուսակով, սակայն այն անմիջապես դուրս է քաշվել, ինչից հետո նա ճամպրուկ է օգտագործել, որը հաջողվել է տեղում պահել։

Հետաքննությանը մասնակցում են NTSB-ն, ամերիկյան Boeing ինքնաթիռաշինական ընկերությունը, շարժիչների արտադրող GE-ն և Ryanair-ը։ Օ’Լիրին ընդգծել է, որ ավիաընկերությունը չի փորձում նսեմացնել տեղի ունեցածի լրջությունը և մտադիր է սպասել ամերիկյան գերատեսչության եզրակացություններին։

Բացի ինքնաթիռի հետ կապված միջադեպից, բաժնետերերի ժողովում Օ’Լիրին կրկին քննադատել է բրիտանական օդային երթևեկության օպերատոր National Air Traffic Services-ին (Nats)՝ խափանման պատճառով, որը երեքշաբթի հանգեցրել է ավելի քան 2100 չվերթի չեղարկման և խաթարել հարյուր հազարավոր ուղևորների ծրագրերը։ Ryanair-ի ղեկավարը Nats-ի ղեկավարությանը մեղադրել է տեղի ունեցածի պատճառները թաքցնելու փորձի մեջ։ Nats-ը հայտարարել է, որ խափանումը տեղի է ունեցել թռիչքների ծրագրերի մշակման համակարգում և կապված չի եղել կիբերհարձակման հետ։