Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Գերմանիա պետական այցի ընթացքում հայտարարել է Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում 40 միլիարդ եվրո (46,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ներդնելու ծրագրերի մասին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ կառավարության տվյալներին։
Միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել մինչև մեկ գիգավատ ընդհանուր հզորությամբ տվյալների կենտրոնների կառուցմանը։ Բացի դրանից, Գերմանիան և ԱՄԷ-ն «Ներդրումային խորհուրդ» կստեղծեն, որը պետք է նպաստի երկու երկրների միջև գործարար կապերի ընդլայնմանը։
«ԱՄԷ-ն ներդրումներ է անում երկարաժամկետ հեռանկարում և ստեղծում է գործընկերություններ, որոնք պահպանվում են ժամանակի ընթացքում»,- հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը։ Նա նշել է, որ Գերմանիան տասնամյակներ շարունակ մնում է ԱՄԷ-ի կարևոր ռազմավարական և տնտեսական գործընկերը, իսկ նոր ներդրումներն արտացոլում են այդ հարաբերություններն ամրապնդելու ձգտումը։
Բեռլինում Ալ Նահյանին դիմավորել են զինվորական պատիվներով։ Նա բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո։ Այցի ընթացքում քաղաքում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները, փողոցները փակվել էին, իսկ պահպանության համար ոստիկանության լրացուցիչ ուժեր էին ներգրավվել։
Միաժամանակ գերմանական և էմիրաթական ընկերությունները ստորագրել են ևս 29 համաձայնագիր՝ ընդհանուր 9,4 միլիարդ եվրո արժողությամբ։ ԱՄԷ-ն արդեն Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերն է Պարսից ծոցի երկրների շարքում. երկկողմ առևտրի ծավալն անցյալ տարի գերազանցել է 15 միլիարդ դոլարը։ ԱՄԷ-ում գործում են խոշոր գերմանական ընկերություններ, դրանց թվում՝ BMW, Siemens-ը, ThyssenKrupp-ը և Deutsche Bahn-ը։
Արաբական Միացյալ Էմիրությունները նաև վաղուց ներդրումներ է կատարում գերմանական տնտեսության մեջ, մասնավորապես՝ քիմիական արդյունաբերության և ծովային հողմային էներգետիկայի ոլորտներում։ Փետրվարին Մերցի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած այցի ընթացքում գերմանական RWE էներգետիկ ընկերությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային նավթային ADNOC ընկերությունը հաջորդ տասնամյակի ընթացքում հեղուկացված բնական գազի մատակարարումների վերաբերյալ հուշագիր են ստորագրել։
Նոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել ԱՄՆ-ի և Իրանի պատերազմի ֆոնին, որը խորացրել է անկայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում։ Տարածաշրջանի երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել տնտեսական և ռազմավարական կապերը, դրանց թվում՝ եվրոպական պետությունների հետ համագործակցության հաշվին։
Միևնույն ժամանակ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը գերմանական ղեկավարությանը կոչ է արել հրապարակայնորեն բարձրացնել ԱՄԷ-ում մարդու իրավունքների իրավիճակի և տարածաշրջանային հակամարտություններում երկրի դերի հարցը։ Կազմակերպությունը միաժամանակ մեղադրել է Աբու Դաբիին՝ Սուդանի պատերազմին մասնակցող Արագ արձագանքման ուժերին աջակցելու մեջ։ Արաբական Միացյալ Էմիրությունները բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։



























