Իսրայելը Թուրքիայում իր դիվանագիտական առաքելության նոր ղեկավար է նշանակել, սակայն երկրի դեսպանատունն Անկարայում շարունակում է փաստացի չգործել՝ պահպանվող անվտանգության սպառնալիքների պատճառով, հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։

Թուրքիայում Իսրայելի գործերի նոր հավատարմատար է դարձել Յոել Լիոնը։ Չորեքշաբթի նա Անկարայում իր հավատարմագրերը ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Սա իսրայելցի բարձրաստիճան դիվանագետի առաջին այցն է Թուրքիա այն բանից հետո, երբ Իսրայելը 2023 թվականի վերջին Անկարայից և Ստամբուլից հետ կանչեց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին։

Լիոնը նախկինում Իսրայելի առաջին մշտական դեսպանն էր Մոլդովայում և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2025 թվականի ապրիլը։ Բացի դրանից, մինչև 2026 թվականի օգոստոսը նա համատեղության կարգով ներկայացրել է Իսրայելը նաև Հայաստանում՝ որպես դեսպան։

Նշանակումը տեղի է ունեցել Թուրքիայում Իսրայելի դեսպան Իրիթ Լիլյանի հրաժարականից հետո։ Նրա հեռանալուց հետո դեսպանի պաշտոնը թափուր էր մնում։

Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ դեսպանատան լիարժեք աշխատանքի բացակայությունը կապված է բացառապես անվտանգության հարցերի, այլ ոչ թե քաղաքական որոշման հետ։ Միաժամանակ դիվանագիտական ներկայացուցչությունը պաշտոնապես փակված չէ․ տեղի աշխատակիցները շարունակում են աշխատել երկրում։ «Երկու կողմերն էլ համաձայն են, որ դեսպանատունը պետք է փակ մնա անվտանգության հարցերի պատճառով»,- հայտարարել է նա։

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սկսել էին նկատելիորեն բարելավվել 2022–2023 թվականներին, սակայն կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, և դրան հաջորդեց պատերազմը Գազայի հատվածում։

Անկարան առաջիններից էր, որ դատապարտեց իսրայելական ռազմական գործողությունը՝ հետագայում Իսրայելի գործողությունները որակելով որպես «ցեղասպանություն»։ 2024 թվականին Թուրքիան առևտրային սահմանափակումներ մտցրեց Իսրայելի նկատմամբ։

Լարվածությունը տարածվել է նաև Սիրիայում անվտանգության հարցերի վրա։ Վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները բարդացել են Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված Աբու-էդ-Դուհուր ռազմական ավիաբազային իսրայելական հարվածների պատճառով։

Իսրայելը հայտարարել է, որ հարվածները հասցրել է այն պատճառով, որ Թուրքիան պատրաստվում էր բազայում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել։ Իսրայելի պնդմամբ՝ դրանց տեղակայումը կարող էր սահմանափակել իսրայելական ավիացիայի հնարավորություններն այդ շրջանում գործողություններ իրականացնելու հարցում։