Չորս մարդ է տուժել, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, Լոնդոնի փողոցներից մեկում ենթադրյալ դանակահարությունից հետո։ Ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու, հայտնում է Sky News-ը։
Արտակարգ ծառայությունները հինգշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, մոտ 14:15-ին ահազանգ են ստացել, երբ հաղորդումներ էին եղել բրիտանական մայրաքաղաքի հարավ-արևելյան հատվածում գտնվող Բրոմլի Հայ-սթրիթում տեղի ունեցած ընդհարման մասին։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվել է յոթ տղամարդ։ Նրանք բոլորը շարունակում են մնալ կալանքի տակ, քննությունը շարունակվում է։ Միևնույն ժամանակ իրավապահները հայտարարել են, որ տեղի ունեցածը լայն հանրության համար սպառնալիք չեն համարում։
Լոնդոնի շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ տեղում օգնություն է ցուցաբերվել չորս մարդու, որից հետո բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուս երեքը կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ են ստացել։
Օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել են շտապօգնության մի քանի բրիգադներ, արտակարգ արձագանքման մեքենայով պարամեդիկ, միջադեպերին արձագանքման ծառայության աշխատակից և բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Դեպքի վայր է ժամանել նաև Լոնդոնի օդային շտապօգնությունը։
Ոստիկանությունը շարունակում է պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Տեղում աշխատում են քրեագետները։
Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Բրոմլի և Բիգգին-Հիլ շրջանից Փիթեր Ֆորչունը հայտարարել է, որ տեղյակ է պատահարի մասին և հասկանում է շրջանի բնակիչների մտահոգությունը։ Նա նշել է, որ ինքը կապի մեջ կմնա ոստիկանության հետ, քանի դեռ քննությունը շարունակվում է։
Բրոմլի շրջանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են «սարսափելի լուր» և շնորհակալություն հայտնել արտակարգ ծառայություններին՝ բարդ պայմաններում կատարած աշխատանքի համար։
Ոստիկանությունը առայժմ չի բացահայտում բախման հանգամանքները և չի հայտնում, թե կոնկրետ ինչն է դարձել տեղի ունեցածի պատճառը։



























