Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, դաշնային դատավորին խնդրել է մինչև դատավարության սկիզբը իրեն ազատել կալանքից՝ վկայակոչելով սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, հայտնում է NBC News-ը։

Նրա փաստաբանն առաջարկել է կալանքի տակ պահելը փոխարինել տնային կալանքով։

Միջնորդության մեջ փաստաբան Մարկ Դոնելլին նշել է, որ 69-ամյա Ֆլորեսին պետք է տանը բուժում ստանալու և բժիշկների կողմից առաջարկված սրտի կատետերիզացիայից հետո վերականգնվելու հնարավորություն ընձեռնվի։ Ըստ նրա՝ այդ միջամտությունը կարող է պահանջել հետագա, ավելի ինվազիվ բժշկական միջամտություն։

Մինչ կալանավորվելը Ֆլորեսը, ըստ փաստաբանի, ֆիզիկապես առողջ էր և մշտապես դեղեր չէր ընդունում՝ բացառությամբ միտրալ փականի պրոլապսը վերահսկելու համար նախատեսված ամսական ներարկումների։ Կալանքի տակ հայտնվելուց հետո նրան նշանակել են մի քանի դեղամիջոց, դրանց թվում՝ դեղ՝ հնարավոր սրտի կաթվածի դեպքում օգտագործելու համար։ Միաժամանակ, ինչպես նշել է Դոնելլին, նա կալանավորվելուց ի վեր չի ստացել ամսական ներարկումը, որն անհրաժեշտ է փականի հիվանդության բուժման համար։

Փաստաբանը հայտնել է նաև, որ Ֆլորեսը կորցրել է ավելի քան 11 կգ քաշ և երկու սեղանատամ, իսկ քնում է օրական ոչ ավելի, քան երեք-չորս ժամ։

Ըստ դատական միջնորդության՝ հուլիսի 29-ին Ֆլորեսի մոտ մոտ 30 րոպե շարունակ կրծքավանդակում ուժեղ ճնշում և օդի պակասի զգացում են նկատվել։ Դրանից հետո նրա մոտ պահպանվել են գլխապտույտ, թուլություն, հևոց և օդի պակասի զգացում։ Անկախ բժշկական մասնագետների հետ խորհրդակցություններից հետո Ֆլորեսի փաստաբանները կարծում են, որ այդ դրվագի ընթացքում նա կարող էր փոքր ինֆարկտ տանել։ Սակայն սրտի վնասման աստիճանը պարզել չի հաջողվել, քանի որ անհրաժեշտ լաբորատոր անալիզներն այդ պահին չեն անցկացվել կամ չեն ներառվել բժշկական փաստաթղթերում։

Ազատ արձակվելու դեպքում փաստաբանը առաջարկել է Ֆլորեսի համար սահմանել տնային կալանք՝ GPS էլեկտրոնային թևնոցով, շուրջօրյա զինված հսկողությամբ, արտասահման մեկնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հանձնելու պարտավորությամբ և պատասխանատու անձի նշանակմամբ, որը պետք է հաստատվի մինչդատական հսկողության ծառայության և դատարանի կողմից։

Ըստ Դոնելլիի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ է Ֆլորեսի խնդրանքի մասին, սակայն դեմ է նրա ազատ արձակմանը։ Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

Ֆլորեսը և Մադուրոն պահվում են Բրուքլինի դաշնային բանտում այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները հունվարին բռնել են նրանց Կարակասում և տեղափոխել ԱՄՆ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կոկաինի ներմուծման նպատակով դավադրության, ինչպես նաև գնդացիրների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահման համար։ Մադուրոյին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել նաև նարկոահաբեկչության նպատակով դավադրության համար։

Երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։ Դատավարությունը պետք է սկսվի հունիսին։ Մեղադրական դատավճռի դեպքում նրանց կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Անցյալ շաբաթ Մադուրոն և Ֆլորեսը դատարանին խնդրել են կարճել գործը՝ պնդելով, որ որպես օտարերկրյա պետության ղեկավար և առաջին տիկին՝ իրենք ԱՄՆ-ում պետք է օգտվեն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից։