ԱՄՆ կառավարությանն ունի գործողությունների պատրաստի ծրագիր այն դեպքի համար, եթե այլմոլորակայինները կապ հաստատեն Երկրի բնակիչների հետ։ Այս մասին ամերիկացի գիտնականներին հայտնել են հատուկ ծառայությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Ավելին, «ոչ մարդկային բանականության» հետ շփման հարցում ԱՄՆ-ը ցանկանում է իր վրա վերցնել միջազգային առաջնորդությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակում (ODNI)։ Այնտեղ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ընդունել են ԱՄՆ կառավարության հրավիրած ՉԹՕ-ների ուսումնասիրության գիտական խորհուրդը (UAP Science Advisory Council — UAPSAC)։ Դրա կազմում են հոգեբան, դոկտոր Ջենիս Վիլհաուերը, Հարվարդի աստղագետ, պրոֆեսոր Ավի Լյոբը և իմունաբանության հետազոտող, պրոֆեսոր Հարի Նոլանը։ Substack առցանց հարթակում Վիլհաուերը հանդիպումից հետո պատմել է այլմոլորակայինների վերաբերյալ ԱՄՆ ծրագրի մասին, հայտնել է Bild-ը։

Վիլհաուերն ընդգծել է, որ այս ծրագրի գոյությունը չի նշանակում, թե ԱՄՆ կառավարությունն այդպիսով հաստատում է Երկրից դուրս կյանքի գոյությունը կամ պատրաստում է համապատասխան հայտարարություն։ Սակայն, փորձագետի խոսքով, Վաշինգտոնը նման հնարավորությունը բավական լուրջ է համարում։ «Արդեն միայն սա նշանակություն ունի», — ասել է հոգեբանը։ Նրա գնահատմամբ՝ այլմոլորակայինների հետ առաջին շփման հետևանքներն այնքան նշանակալի կլինեն, որ կպահանջվի համակարգված արձագանք։ ԱՄՆ ձգտումը միջազգային ղեկավար դերի նկատմամբ նույնպես կարևոր ազդակ է Վիլհաուերի համար։ Դա ցույց է տալիս, որ կառավարությունը ոչ մարդկային բանականության գոյության հաստատումը դիտարկում է որպես գլոբալ իրադարձություն, որը պահանջում է բոլոր պետությունների համագործակցությունը։

Սակայն հոգեբանը որևէ մանրամասն չի ներկայացրել։ Ի՞նչ հանգամանքներում է ծրագիրը գործարկվելու։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու և ո՞ր գերատեսչությունների կողմից։ Խոսքն արդյո՞ք նաև հոգեբանական և հասարակական հետևանքների մասին է։ Վիլհաուերի խոսքով՝ անհրաժեշտ է հսկայական նախապատրաստություն այլմոլորակայինների գոյության հաստատման հնարավոր հետևանքներին՝ ոստիկանների, ուսուցիչների, բուժանձնակազմի, հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, հոգևորականների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների աշխատակիցների և տեղական իշխանությունների ուսուցում։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի ստեղծել հուսալի օգնության կետեր, օրինակ՝ հանրությանը տեղեկացնելու և երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք ցնցված կլինեն իրենց աշխարհայացքի փոփոխություններից կամ վախ կզգան։