Արևմտյան երկրների ռազմական վետերանները, այդ թվում՝ բրիտանական SAS հատուկ ջոկատի նախկին մարտիկները, իբր, Եվրոպայի բազաներում մարզում են Ռուսաստանի քաղաքացիներին և զինծառայողներին։ Այս մասին նշվել է ավստրալական հատուկ ծառայության համար պատրաստված և Five Eyes դաշինքի գործընկերներին փոխանցված հետախուզական գրառման մեջ։ Փաստաթուղթը հասանելի է դարձելլ The Telegraph թերթին։

Պարբերականի տվյալներով՝ ավստրալական հատուկ ջոկատի նախկին զինծառայողներին փորձել են ներգրավել որպես հրահանգիչներ Բուլղարիայի և Սերբիայի բազաներում, որտեղ մարզվել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Բուլղարական Alfa-Metal ընկերությանը պատկանող բազաներից մեկում անցկացվում են շենքերում մարտ վարելու և դիպուկահարների պատրաստման դասընթացներ՝ մոտ 4 000 եվրո արժողությամբ, փոխանցել է Bild-ը։

Զրուցակիցները նշել են, որ Ռուսաստանի քաղաքացիները շարունակել են պատրաստություն անցնել եվրոպական ճամբարներում նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։ Նշվել է, որ պարապմունքների թվում եղել են մոտ տարածությունից մարտական գործողություններ վարելու և հատուկ ջոկատի մարտիկների պատրաստման դասընթացներ։

Միևնույն ժամանակ, նախկին բրիտանական հատուկջոկատայինների անմիջական մասնակցության ապացույցներ չկան։ Alfa-Metal-ը կտրականապես հերքժել է մեղադրանքները և հայտարարել, որ երբեք չի վարձել SAS վետերաններ և չի ուսուցանել ռուսների պատերազմի սկսվելուց հետո։ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանել հաղորդումները՝ հղում կատարելով հատուկ ծառայությունների և հատուկ ջոկատների մասին տեղեկությունների չբացահայտման քաղաքականությանը։

The Telegraph-ը նշել է, որ հետախուզական գրառման մեջ ներկայացված հավաստիացումները ինքնուրույն ստուգել չի հաջողվել։ Բացի այդ, SAS որոշ նախկին աշխատակիցներ կասկածի տակ են դրել ստորաբաժանման վետերանների առնչության մասին հայտարարությունները՝ նշելով, որ շատ մարդիկ ներկայանում են որպես հատուկ ջոկատի նախկին մարտիկներ։