Հավանության է արժանացել Հայաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման օրինագիծը։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում։ Համաձայնագիրը սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներն ու ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը, երրորդ երկրներին սպառազինության վաճառքի պայմանները, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեությանը վերաբերող դրույթները։
Համաձայնագրի վավերացումը նպատակ ունի հետագայում ամրապնդել բարեկամական հարաբերությունները ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման միջոցով։
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լեհաստանի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը, ինչն ապագայում հնարավորություն կտա հասնել շոշափելի արդյունքների ռազմական համագործակցության ոլորտում և բացել նոր հեռանկարային ուղղություններ։




























