Սեպտեմբերի 9-ին սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Այս օրը ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, բժիշկներն էլ քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանցել, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Ռոման Սելիկյանն է։
Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ․ Սելիկյանի հետ վիճաբանել, ապա պարանոցի հատվածում նրան վնասվածք է պատճառել 50-ամյա Վարդան Դալաքյանը։
Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել են Վ․ Դալաքյանին և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։
Փաստերի ճնշման տակ Վ․ Դալաքյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը, որից հետո նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին ։
Դեպքի փաստով սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Ռ․ Սելիկյանն աշխատում է «Վիվա Արմենիա»-ում։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վիճաբանությունը, հետո դանակահարությունը, այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։




























