Լիբերալ կուսակցության Գյումրու կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրել է, որ ինքը լքում է  կուսակցությունը: Պատճառն այն է, որ նա  համաձայն չէ  այս  կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու քաղաքական որոշման հետ:

«Քանի որ իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ ՀԱԿ-ից , այսուհետ շարունակելու եմ ՀԱԿ-ում. հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` կանգնելու եմ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի կողքին ու պայքարելու եմ մինչեւ վերջ», -այսպիսի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ  Վահագն Խաչատրյանը:

Այն հարցին էլ, թե Գյումրիում կան այլ լիբերալներ, որոնք մնում են կուսակցության մեջ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գյումրիում այլեւս ներկայացուցչություն չկա» :Նա նաեւ հավելեց, որ ինքը Գյումրու լիբերալ կուսակցության պատասխանատվությունը ստանձնել էր  4 տարի առաջ` 2008 թվականի ամառվանից, սակայն մինչ այդ եղել է ՀԱԿ-ի անդամ, եւ բացարձակապես մտադրություն չունի լքել այս քաղաքական ուժը: