Բունդեսթագում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը հայտարարել է, որ Ֆրիդրիխ Մերցի դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել, հաղորդել է DW-ն։ Պատճառը կանցլերի ելույթն է, որտեղ նա ասել էր, որ «ռեմիգրացիա» բառը ոչ այլ ինչ է, եթե ոչ էթնիկ զտման հոմանիշ՝ ըստ ծագման և մաշկի գույնի։ ԱԳՀ խմբակցությունում դա համարել են զրպարտչական վիրավորանք, հայտնել է խորհրդարանական կառավարիչ և իրավախորհրդատու Շտեֆան Բրանդները։
Ինչպես հայտնել է Բրանդները, Մերցի խոսքերն «ունեն քրեական-իրավական նշանակություն» և «միանգամայն անընդունելի են»։ Քաղաքական գործչի խոսքով՝ կանցլերի հայտարարությունը նաև պաշտպանված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ, քանի որ խոսքը վերաբերում է «զրպարտչական վիրավորանքների», որոնք ուղղված են «ոչ միայն ԱԳՀ խմբակցության յուրաքանչյուր առանձին անդամի, այլև ի վերջո նաև քաղաքական առումով միլիոնավոր քաղաքացիների դեմ»։
Դրանից մի քանի ժամ առաջ Բունդեսթագը հենց Բրանդներին էր զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից՝ այդպիսով ճանապարհ բացելով ԱԳՀ պատգամավորի նկատմամբ քրեական վարույթ սկսելու համար։ Գործը վերաբերում է վիրավորանքին։
«Ռեմիգրացիա» տերմինը լայն հանրությանը հայտնի դարձավ Correctiv պարբերականի 2024 թվականի հետաքննությունից հետո։ Այդ ժամանակ լրագրողները գաղտնազերծեցին ԱԳՀ բարձրաստիճան քաղաքական գործիչների և նեոնացիստների գաղտնի հանդիպումը։ Նրանք քննարկում էին այսպես կոչված «Ռեմիգրացիայի գլխավոր ծրագիրը», որի համաձայն՝ նախատեսվում էր ԳԴՀ-ից զանգվածաբար արտաքսել օտարերկրացիներին, այդ թվում՝ Գերմանիայի միգրացիոն արմատներ ունեցող քաղաքացիներին։
«Այլընտրանք Գերմանիայի համար»-ը չի հեռանում սկանդալային տերմինից։ 2025 թվականին Բունդեսթագի ընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության անդամներն ակտիվորեն քարոզում էին «ռեմիգրացիայի» օգտին։ Դրա հետ կապված՝ Բավարիայի դատարանն օրինական է ճանաչել ԱԳՀ կուսակցության նկատմամբ հսկողությունը. դատավորների կարծիքով՝ «ռեմիգրացիայի» վերաբերյալ հայտարարությունները դուրս են գալիս սահմանադրական կարգի թույլատրելի քննադատության շրջանակներից։





























