Մեր հասարակությունը վաղուց արդեն պարպել է բոլոր տեսակի ոչ ռացիոնալ քաղաքական էներգիաները, և ես համարում եմ, որ միակ լուծումը ռացիոնալիզմն է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Որտե՞ղ է ձևավորվում հայկական օրակարգը» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որտեղ պոպուլիստին փոխարինեն ավելի մեծ պոպուլիստները, ես այդպիսի դեպք չեմ հիշում։ Եվրոպայում պոպուլիստներին փոխարինում են կամ ծայրահեղ աջակողմյանները, կամ պահպանողականները»,–ասաց նա։

Մամիջանյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում կարևորագույն հարցը լոգիստիկ հնարավորություններն են, բայց ոչ այն ձևակերպմամբ, կամ փաթեթավորմամբ, որը ներկայացնում է Փաշինյանը. «Մենք չենք կարող խուսափել նոր տրանսպորտային ուղիների ձևավորումից, որովհետև այն տեղի է ունենում Հայաստանից անկախ։ Եթե ինչ-որ մեկին երկրագնդի վրա թվում է, որ Թրիփ նախագիծը Հայաստանով պայմանավորված ծրագիր է, ես խորհուրդ կտամ այդ մարդը մի քիչ ավելի շատ քաղաքագետություն ուսումնասիրի։ Թրիփ նախագիծը Միջին Ասիան կամ կենտրոնական Ասիան որպես ռեսուրսային կարևորագույն ստրատեգիական տարածաշրջան Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունների և ազդեցությունների շրջանից դուրս բերելն է։

Մեր պարագայում, ցավոք սրտի, դա կիրառվում է պոմպանթուրքիզմի տեսանկյունից, որովհետև Կենտրոնական Ասիայի առաջատար երկրների մեծ մասը, առնվազն Ղազախստանը, թուրքական մշակույթ կրող երկիր է։

Եթե մի քանի փաստեր սկսենք համադրել, Ղազախստանի և Արևմուտքի, Ղազախստանի և Եվրոպայի, Ղազախստանի և ԱՄՆ-ի միջև զարգացող կապերը, եթե ուշադրություն դարձնենք, թե որ երկիրն էր առաջինը շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, երբ որ ուշադրություն դարձնենք և հիշենք, որ Ղազախստանը ԵԱՏՄ անդամ է և հիշենք, որ Փաշինյանը ինչ-որ չափից դուրս վստահությամբ է խոսում, որ ԵԱՏՄ-ում կոնսենսուս չի լինելու, մենք արդեն սկսում ենք պատկերացնել ինչ-որ թաքնված խաղեր, որոնք կարող են տեղի ունենալ։

Եթե գանք արդեն Հայաստանյան մակարդակին, ապա ես Հայաստանյան ներքաղաքական օրակարգ կանվանեի երկու հանրաքվեների օրակարգ. երկուսն էլ պարտադրված են դրսից. Ադրբեջանից՝ սահմանադրության փոփոխությունը և ՌԴ-ից ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության»,–ասաց նա։