Կանադան մտադիր է երկու տարվա ընթացքում արտադրել «միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր», որոնց մեկ երրորդը կփոխանցվի Ուկրաինային, հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։ Նրա խոսքով՝ Օտտավան և Կիևը նաև պայմանավորվել են համատեղ արտադրել անօդաչու համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ և զինամթերք։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է միավորել ուկրաինական մարտական փորձը կանադական արդյունաբերական հզորությունների, ծրագրային ապահովման և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի մշակումների հետ, նշել է Քարնին։

Բացի այդ, Օտտավան կհատկացնի 350 մլն կանադական դոլար ($250 մլն)՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգն ամրապնդելու համար։ Միջոցները, մասնավորապես, կուղղվեն ԱՄՆ-ից Jump Start մեխանիզմի շրջանակում որսացող հրթիռների գնմանը։ Օտտավան և Կիևը նաև պաշտոնապես երկարաձգել են ուկրաինացի զինվորականների համար նախատեսված կանադական UNIFIER ուսումնական առաքելությունը մինչև 2029 թվականը։ Բացի այդ, Կանադան Ուկրաինային կտրամադրի 430 մլն կանադական դոլարի (մոտ $310 մլն) երաշխավորված վարկեր՝ բնական գազի գնման համար։

Կանադայի վարչապետը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նաև ստորագրել են երկրների միջև 100-ամյա գործընկերության մասին հռչակագիր։ Պայմանավորվածության շրջանակում Օտտավան պարտավորվել է շարունակել բավարարել Ուկրաինայի «անհետաձգելի ռազմական կարիքները»։ Զելենսկին հայտարարել է, որ Կանադայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Drone Deal համաձայնագրի միայն առաջին մասն են, որը թույլ է տալիս Ուկրաինային այլ երկրների հետ համատեղ արտադրել անօդաչուներ, զարգացնել տեխնոլոգիաներ և ստանալ ֆինանսավորում պաշտպանական արդյունաբերական համալիրի համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գործարքի վերջնական համաձայնեցումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։