Դա էլ Փաշինյանը ճանաչեց ապօրինի գույք և հանձնեց հարևան պետությանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Ստեփանակերտում իր կառուցած հիվանդանոցին։
«Եթե չպայքարենք, կգնա այդ սցենարով, եթե պայքարենք, ժողովրդին բացատրելով, զարթնեցնելով, մարդիկ պետք է հասկանան, որ մենք չունենք տարածք ուրիշին տալու»,–ասաց նա։
Կարապետյանը նշեց, որ եթե տեսնեն, որ սահմանազատման գործընթացում զիջողական քայլեր են արվում, իրենք ամեն ինչ կանեն դրա դեմ. «Բայց մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Շատ հեշտ է հիմա ամեն ինչ տեղափոխել ընդդիմադիր ուժերի վրա, առավել ևս Ազգային ժողովում գտնվող ուժերի վրա, քաշվել մի կողմ, գնալ ձեր ստուդիաներում ակտիվ ելույթներ ունենալ, միշտ մեղավոր ճանաչել ընդդիմությանը։ Պետք է բոլորը միավորվեն, քայլ անեն, եթե հարևան պետությունը տեսնի, որ կա լուրջ մոտեցում, ժողովրդական մոտեցում այդ քայլերին, ես վստահ եմ՝ իրենք էլ իրենց ախորժակները կսահմանափակեն։ Իսկ հիմա տեսնում են, որ մենք սկսում ենք Գյոյչա ասել, Քյարքի ասել, Էրիվան ասել, հետո դրան վերջ կա՞։ Հիմա Տիգրանաշենը տվեցին, կսկսեն հայտարարել Էրիվանի մասին։ Միևնույն է, մենք մի օր պետք է սկսենք պայքար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Տիգրանաշենում Նարեկ Կարապետյանի հայտարարությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարել է սպառնալիք, Սամվել Կարապետյանն ասաց. «Հիմա ինչ էլ անենք, կարող են բնութագրել որպես պատերազմի սպառնալիք։ Հիմա եթե Երևան ասենք, դա էլ է պատերազմի սպառնալիք, որովհետև նրանք ասում են Էրիվան։ Ինչ էլ ասենք, դարձնելու է Փաշինյանը պատերազմի սպառնալիք։ Ինքը բացարձակ հանձնվել է, ինքը մենակ Ազգային ժողովում, մեկ էլ կառավարության շենքում լավ «տղամարդլամիշ» է լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ բոլորս տեսնում ենք ինչքան վախկոտ քաղաքականություն է տանում։ Մենք օգնելու ենք իրեն այդ հարցում»։











