Մենք գործ ունենք ո՛չ առանձին դեպքերի հետ։ Կարելի է ասել, որ խոշտանգումներն ու խտրականությունը վարչական գործելակերպի բնույթ ունեն։ Այս մասին սեպտեմբերի 11-ին, Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում՝ 2026 թվականի հունիս-հուլիս» փաստահավաք զեկույցի ներկայացման ընթացքում, հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Այսինքն՝ սա քաղաքականություն է, և այն ունի հստակ նպատակ։ Այդ նպատակն իրականացվում է, և արդյունքները միանգամայն ակնհայտ են»,- ընդգծել է նախկին օմբուդսմենը։

Նա, մասնավորապես, նշել է, թե միջազգային իրավունքի որ նորմերն են խախտում Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով։

Անդրադառնալով 2021–2026 թվականներին ընտրողների թվի վիճակագրությանը՝ ՀԿ ղեկավարը նշել է․

«Ընտրողների թիվը կրճատվել է հարյուր հազարով։ Բնակչությունը նվազում է, տեղի է ունենում հայաթափում։ Այս տարի դպրոցականների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 10 հազարով։ Մենք տեսնում ենք, որ այս քաղաքականությունն իսկապես ուղեկցվում է դաժան ու խտրական վերաբերմունքով։ Այն շարունակում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը»,- ասել էց Ալավերդյանը։

Խտրականությունը, որին Հայաստանի Հանրապետությունում ենթարկվում են նաև Լեռնային Ղարաբաղից եկած փախստականները, առաջացնում է իրավապաշտպանի լուրջ մտահոգությունը։

«Գրեթե 81 հազար արցախցի զրկված է ընտրական իրավունքից։ Նրանք մշտապես ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող, դաժան վերաբերմունքի։ Մենք միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդիրների վրա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է կարևորագույն մարտահրավերի առջև»,- ընդգծել է ՀԿ տնօրենը։