Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ հեռախոսազրույցում առաջարկել է եվրագոտում անդամակցության համար հանրաքվե անցկացնել: Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը հերքել է տվյալ տեղեկատվությունը, Հունաստանի նախագահի աշխատակազմում պնդում են, որ առաջարկություն եղել է: Հունական քաղաքական գործիչներն արդեն հանդես են եկել պատասխան հայտարարություններով:
Մերկելի հեռախոսազանգի մասին տեղեկատվությունը տարածել էր հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցիոդրասը: Ըստ նրա տվյալների` Մերկելն առաջարկել է եվրագոտում անդամակցության համար հանրաքվե անցկացնել խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը` հունիսի 17-ին: Հունաստանի նախագահը Մերկելի առաջարկության մասին նույնիսկ հայտնել է կուսակցություննեի առաջնորդներին:
Որոշ ժամանակ անց Գերմանիայի կառավարությունում հերքել են Պապուլյասին արված Մերկելի առաջակության մասին լուրը: Ըստ գերմանական կաբինետի ներկայացուցչի` հանրաքվե անցկացնելու մասին հարցը «կառավարության իրավասությունից դուրս է», հայտնում է «dni.ru»-ն:
Սակայն հունական խորհրդարանում ամենաշատ մանդատներն ունեցող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Անտոնիս Սամարասը հասցրել է արձագանքել Մերկելի առաջարկությանը: «Հույն ժողովուրդը հանրաքվեի կարիք չունի, որպեսզի ապացուցի իր ընտրությունը եվրոյի օգտին, ընտրություն, որը նա պաշտպանում է արյունոտ զոհերով», – հայտարարել է նա: Սամարասը նշել է, որ Մերկելը «հույներին սխալ ազդանշան է ուղարկում անհարմար պահի»:




























