Լեհաստանը նախատեսում է ստեղծել սեփական արբանյակային կապի համակարգը՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Starlink-ի օրինակով։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Կելցե քաղաքում անցկացված սպառազինության միջազգային ցուցահանդեսի ընթացքում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Մեր նպատակը լեհական Starlink ստեղծելն է, քանի որ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ինքնիշխան կապը», — նշել է քաղաքական գործիչը։
Վարչապետը հավելել է, որ ծրագրերի համաձայն՝ մինչև տարեվերջ Լեհաստանը Երկրի ուղեծրում կունենա ինը ռազմական արբանյակ։
«Այո, սա մարտահրավեր է, սա երազանք է, բայց սա ֆանտազիա չէ։ Մենք ինքներս մեզ ասել ենք, որ այս գործընթացի, որն սկսվել է այսօր, արդյունքը կարող է և կդառնա լեհական Starlink-ը», — նրա խոսքերը մեջբերել է Onet պորտալը։





























