Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի բաժնետոմսերն ամեիկյան NASDAQ բորսայի փակման օրը` մայիսի 18-ին, արժեցել են 38,37 դոլար` միայն 1%-ով ավելի ընկերության բաժնետոմսերի նախնական տեղակայման սկզբնական արժեքից:
Facebook ընկերությունը նախօրեին IPO էր անցկացրել 38 դոլար արժեքով: Facebook-ի բաժնետոմսերը NASDAQ-ում սկսել են վաճառվել 42 դոլարի սահմանում` 10,8% -ով բարձր նախնական գնից:
Օրվա ընթացքում սոցկայքի արժեթղթերը վաճառվել են 38-ից 43 դոլարի սահմանագծում: Թեպետ վերլուծաբաններն սպասում էին Facebook-ի բաժնետոմսերի կտրուկ աճ աճուրդի հենց առաջին օրը, սոցկայքի բաժնետոմսերը ակնկալված 30-50% աճին չեն հասել:
Facebook-ի բաժնետոմսերի աճուրդի ակտիվությունը բարձր է եղել. ԱՄՆ-ում ընկերությունը ռեկորդ է սահմանել բաժնետոմսերը փոխած տերերի քանակով հենց աճուրդի առաջին օրը, գրում է ՌԻԱ Նովոստին `հղում անելով The Wall Street Journal-ին: Մեկ օրվա ընթացքում նոր տերեր են գտել ընկերության ավելի քան 566 միլիոն բաժնետոմս: Facebook-ն առաջ է անցել նախկին առաջատարից` General Motors ընկերությունից, որի նմանատիպ ցուցանիշը եղել է 458 միլիոն:
Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցկայքի IPO-ի պատվին անձամբ է տվել մայիսի 18-ին NASDAQ-ի բացման զանգը: Ցուկերբերգը խորհրդանշական զանգը հեռվից է տվել` Քալիֆորնիայի նահանգի Մենլո Փարքում գտնվող սոցկայքի գրասենյակից, որտեղ նա որոշել էր տոնել IPO-ն Facebook-ի աշխատակիցների հետ:



























