Ուկրաինական դրոնների հարվածի հետևանքով Սարատովի մերձակայքում գտնվող Ozon մարքեթփլեյսի խոշոր պահեստը ամբողջությամբ այրվել է, վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանը։ Դատելով կադրերից՝ ամբողջ համալիրը, որի մակերեսը կազմում էր 100 հազար քառակուսի մետր, վերածվել է այրված ավերակների։ Սարատովի հյուսիս-արևմտյան ծայրամասում գտնվող լոգիստիկ հանգույցը օրական մշակում էր մինչև 900 հազար պատվեր և սպասարկում միանգամից մի քանի շրջան, պատմել էր Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Համալիրի առաջին փուլը, որը Վոլգայի շրջանում էլեկտրոնային առևտրի առցանց հարթակի լոգիստիկ կենտրոնների շարքում ամենախոշորներից մեկն էր, շահագործման է հանձնվել 2024 թվականի դեկտեմբերին։
Շրջանի ղեկավարի տվյալներով՝ հանգույցի ստեղծման մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 8 միլիարդ ռուբլի։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները ուրբաթ գիշերը հարձակվել են Սարատովի մարզի վրա։ Ozon-ի պահեստից բացի, պատերազմի ընթացքում արդեն 17-րդ անգամ հարվածի տակ է ընկել նաև «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանը, որտեղ ևս հրդեհ է բռնկվել։ էլեկտրոնային առևտրի առցանց հարթակի մամուլի ծառայությունում հաստատել են պահեստի խոցումը և հայտարարել, որ աշխատակիցները «օպերատիվ կերպով տարհանվել են»։ Հանգույցում գտնվող ապրանքները հեռացվել են ցուցափեղկից, իսկ պատվերները՝ չեղարկվել, հայտնել են ընկերությունում։ Սա արդեն Ozon-ի յոթերորդ նման օբյեկտն է, որը վնասվել կամ ոչնչացվել է ԱԹՍ-ների կողմից օգոստոսի 22-ից ի վեր, երբ առաջին անգամ հարձակման էր ենթարկվել մարքեթփլեյսի պահեստը Սամարայի մարզում։
Բացի դրանից, հարձակումների են ենթարկվել Ozon-ի լոգիստիկ համալիրները Ռոստովի և Բելգորոդի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում, Բաշկորտոստանում և Դաղստանում։ Wildberries-ի պահեստների հետ միասին սա արդեն 33-րդ նման օբյեկտն է, որը հուլիսի կեսերից ի վեր հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների տակ։
Բուսարգինը հայտարարել է, որ հանձնարարել է ստեղծել օպերատիվ շտաբ և թեժ գիծ Սարատովի մերձակայքի պահեստի աշխատակիցների համար, որոնք հարձակման հետևանքով կորցրել են գույքն ու փաստաթղթերը։ Նա նշել է, որ այժմ իշխանությունները պատրաստում են օրենսդրական փոփոխություններ՝ «տուժած սարատովյան կազմակերպությունների համար հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ», որոնք կքննարկվեն մարզային կառավարության սեպտեմբերյան նիստում։





























