ԱՄՆ նախագահի Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քոուլը երկուշաբթի կժամանի Մինսկ, հաղորդում են լեհական լրատվամիջոցները՝ հղում անելով նրա շրջապատի աղբյուրներին։
«Քոուլը ձգտում է հասնել բանտարկյալների ևս մեկ խմբի ազատ արձակմանը։ Նա ասում է, որ օգնել է ազատ արձակել 700-800 մարդու և հույս ունի այդ թիվը հասցնել հազարին»,- ասվում է հաղորդագրությունում։
Մարտի 19-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Քոուլի միջև անցկացված բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ ներում է շնորհվել հերթական՝ 250 հոգուց բաղկացած խմբին, որոնք դատապարտվել էին ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար և պատիժ էին կրում բելառուսական քրեակատարողական հիմնարկներում։
Դրանից հետո Քոուլը հայտնել է «Բելինվեստբանկ»-ի, Զարգացման բանկի և Բելառուսի ֆինանսների նախարարության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացման, ինչպես նաև ԱՄՆ-ի նախաձեռնած բոլոր պատժամիջոցային ցուցակներից «Բելառուսական կալիումի ընկերություն»-ը և «Բելառուսկալի»-ն բացառելու մասին։
Ավելի ուշ Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մինսկի համագործակցությունն այս ուղղությամբ կշարունակվի։
Իր հերթին Լուկաշենկոն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ «քաղբանտարկյալների» վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու պատրաստակամության մասին, թեև նա պնդում է, որ հանրապետությունում նման կատեգորիա չկա։





























