ԿՀՎ-ն գաղտնազերծել է 1998–2001 թվականների նախագահի համար պատրաստված 71 հետախուզական ամփոփագիր, որոնք բացահայտում են «Ալ-Քաիդայի» սպառնալիքի և ԱՄՆ-ի վրա հարձակվելու նրա ծրագրերի մասին նախազգուշացումները՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից մի քանի տարի առաջ։

«Այսօր տնօրենը (ԿՀՎ— խմբ.) Ջոն Ռեթքլիֆը գաղտնազերծել է նախագահի համար ամենօրյա ամփոփագրերից 71 փաստաթուղթ՝ ի հիշատակ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 25-րդ տարելիցի և նախագահ Դոնալդ Թրամփի՝ թափանցիկության ապահովման պատմական նախաձեռնության համաձայն»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ավելի քան 100 էջ ծավալով գաղտնազերծված փաստաթղթերը դարձել են ԿՀՎ-ի վերլուծական նյութերի՝ սեպտեմբերի 11-ի թեմայով ամենախոշոր բացահայտումը 2004 թվականին համապատասխան հանձնաժողովի աշխատանքից ի վեր։

Փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես էին գերատեսչության վերլուծաբանները երկրի ղեկավարությանը փորձում զգուշացնել նախապատրաստվող հարձակումների մասին՝ առկա տվյալների սակավության, ոչ լիարժեքության և հատվածական լինելու պայմաններում, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

2026 թվականին լրանում է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքի 25-րդ տարելիցը, որը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ «Ալ-Քաիդայի» գրոհայինները զավթել էին չորս ուղևորատար ինքնաթիռ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների առևանգած երկու ուղևորատար ինքնաթիռ բախվել էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակներին, որոնք հետագայում փլուզվեցին։ Եվս մեկ զավթված ինքնաթիռ բախվել էր Պենտագոնին։ Չորրորդ օդանավը կործանվել էր Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլի մերձակայքում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 2977 մարդ՝ 2753-ը՝ Նյու Յորքում, 184-ը՝ Պենտագոնի մոտ, և 40-ը՝ 93-րդ չվերթի ինքնաթիռում։