Արհեստական բանականության տեխնոլոգիան ապագայում մարդկությանը կործանելու մասին մտահոգությունները «խիստ չափազանցված են», կարծում են համաշխարհային մի շարք գիտնականներ։ Դրա մասին սեպտեմբերի 11-ին գրել է The New York Times պարբերականը։

Ինչպես նշում է պարբերականը, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և ԱԲ համակարգեր մշակող հետազոտողների շրջանում միշտ եղել է մի խումբ, որը նախազգուշացրել է այդ տեխնոլոգիայի՝ մարդկությունը ոչնչացնելու հնարավոր ունակության մասին։

«Աշխարհի բազմաթիվ առաջատար հետազոտողներ չեն կիսում նման համոզմունքները։ Նրանք պնդում են, որ այդ մտահոգությունները խիստ չափազանցված են»,- ասվում է նյութում։

Հոդվածի հեղինակները նշել են, որ արհեստական բանականության զարգացմանն առնչվող հնարավոր ռիսկերն իսկապես կարող են մտահոգություն առաջացնել։ Սակայն նրանք ընդգծել են, որ մարդկությունը առանց դրա էլ բախվում է բազմաթիվ գլոբալ սպառնալիքների, որոնք կարող են անդրադառնալ նրա գոյությանը։ Դրանց թվում են խոշոր աստերոիդների անկումը, նոր համավարակները, ջերմամիջուկային հակամարտությունը, կլիմայի փոփոխությունը, արևային ակտիվության պոռթկումները, էկոլոգիական աղետները և նոր սառցադաշտային ժամանակաշրջանի հնարավոր գալուստը։