«Եվրատեսիլ-2012» երգի 57-րդ մրցույթի բացումը մայիսի  19-ի երեկոյան տեղի կունենա Բաքվի կենտրոնում` հատուկ այդ առիթով կառուցված Baku Crystal Hall համերգային համալիրում:

Բացմանը հրավիրված են բոլոր 42 մասնակից երկրների պատվիրակները, որոնք կանցնեն կարմիր գորգի վրայով;

Պաշտոնական մասը կսկսվի զովացուցիչ հյութերի հյուրասիրությունից եւ կշարունակվի անակնկալ ներկայացումներով, որոնց մանրամասները կազմակերպիչները չեն բացահայտում:

Այս տարվա մրցույթի խորհրդանիշը հրե ծաղիկն է, կարգախոսը` Light your fire! (Վառիր քո կրակը):

Մամուլի կենտրոնի քվեարկության արդյունքներով «Բուրանովյան տատիկները» առաջին տեղն են զբաղեցրել` ստանալով 211 ձայն, այն դեպքում երբ բուքմեյքերների վարկածով ֆավորիտ Շվեդիայի մասնակից Լորինն ընդամենը 183 ձայն է ստացել:

Մայիսի 22-ին եւ 24-ին կայանալիք կիսաեզրափակիչներում  կորոշվեն եզրափակիչ դուրս եկած 20 մասնակիցները:

Բացի այդ, մայիսի 26-ին  Baku Crystal Hall 26-ի բեմ դուրս կգան «Մեծ հնգյակի»`Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հաղթողը կորոշվի հեռուստադիտողների քվեարկության եւ ժյուրիի գնահատականների արդյունքներով: