Ուրբաթ օրը Լեհաստանում հեռագնա գնացքների մոտ 90 տոկոսը ուշացել է շուրջ կես ժամով։ Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ մեքենավարները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով խստացնել երկաթուղային գծանցների անվտանգությունը, հայտնում է «Polsat News»-ը։

Ակցիայի մասնակիցները յուրաքանչյուր գծանցի մոտ միտումնավոր նվազեցրել են գնացքների արագությունը՝ հասցնելով այն 20 կմ/ժ-ի։

Բողոքի այս ակցիան արձագանքն էր շաբաթվա սկզբին Լեհաստանում տեղի ունեցած մահվան ելքով վթարին։

Չորեքշաբթի օրը Վարշավայից մոտ 125 կմ հարավ-արևմուտք գտնվող չվերահսկվող գծանցում մարդատար գնացքը բախվել էր բեռնատարին։ Վթարի հետևանքով մեկ կին զոհվել էր, ևս 10 հոգի՝ վիրավորվել։

Մեքենավարների արհմիությունն իր անդամներին կոչ էր արել ուրբաթ՝ կեսգիշերից մինչև կեսօր, նվազեցնել արագությունը բոլոր գծանցներում, որպեսզի իշխանությունների ուշադրությունը հրավիրեն անվտանգության միջոցառումների խստացման անհրաժեշտության վրա։

Լեհաստանում դեռևս մեծ թվով չվերահսկվող գծանցներ կան, այդ թվում՝ գլխավոր երկաթուղային գծերի վրա։ Արհմիության տվյալներով՝ միայն անցյալ տարի նման գծանցներում մոտ 180 վթար է գրանցվել։

Ուրբաթ առավոտյան հեռագնա գնացքների մոտ 90 տոկոսը միջինը կես ժամ ուշացումով է երթևեկել, հայտնել է երկաթուղային «PKP» օպերատորը։ Ընկերությունն ուղղակիորեն չի կապել այդ խափանումները բողոքի ակցիայի հետ, սակայն նշել է, որ Լեհաստանում գնացքների ուշացումները բավականին հազվադեպ երևույթ են։

Մեքենավարներն ակցիան ավարտել են կեսօրին, սակայն PKP-ի ղեկավար Պյոտր Վիբորսկին զգուշացրել է, որ չվացուցակի խախտումների հետևանքները կարող են զգացվել մինչև երեկո։

Արհմիության ղեկավար Լեշեկ Մենտեկն այս ակցիան անվանել է «հուսահատության քայլ» և նշել, որ այն օգնեց քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել գծանցների անվտանգության խնդրին։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին արհմիության ներկայացուցիչները կհանդիպեն Ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաների հետ՝ հնարավոր լուծումները քննարկելու նպատակով։

Իր հերթին PKP-ն հայտարարել է, որ կդիտարկի դատարան դիմելու հնարավորությունն այն կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք պատասխանատու են երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը խաթարելու համար։