Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է «հատուկ ռազմական գործողությունը» հասցնի «հաղթական ավարտին», որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա վերանայել կամ չեղարկել դրա արդյունքները, հայտնում է «Կոմերսանտը»:
«Մենք պետք է մինչև վերջ՝ հաղթական ավարտի հասցնենք հատուկ ռազմական գործողությունը և այնպիսի վերջակետ դնենք, որ հետո ոչ ոք ծպտուն չհանի ու չփորձի ամեն ինչ նորից հետ շրջել», — Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջան կատարած այցի ընթացքում ասել է Մեդվեդևը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ մարտական գործողությունների գոտում ռուսական զորախմբի թվաքանակն անցնում է 700 հազարից:
Օգոստոսի վերջին Մեդվեդևը հայտարարել էր, թե «տեսանելի ապագայում» Ռուսաստանն ակնկալում է հաղթանակի հասնել հատուկ ռազմական գործողությունում: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից ևս պնդում էին, որ մարտական գործողությունների գոտում ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը չեն դանդաղում:




























