Ֆրանսիան միացել է Սլովակիային՝ պահանջելով ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին հանել Եվրամիության պատժամիջոցների ցանկից։ Փարիզի այս դիրքորոշումը «մեծ դժգոհություն» է առաջացրել ԵՄ մի շարք երկրներում և կարող է բարդացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է «Euronews»-ը՝ վկայակոչելով եվրոպացի չորս դիվանագետների։

Սլովակիան արդեն մի քանի տարի ջանքեր է գործադրում, որպեսզի Ուսմանովն ու մեկ այլ ռուս գործարար՝ Միխայիլ Ֆրիդմանը, հանվեն պատժամիջոցների ցուցակից։ Բրատիսլավան նաև կողմ է անհատական պատժամիջոցների երկարաձգման վեցամսյա ժամկետի պահպանմանը։

Ուսմանովը ԵՄ պատժամիջոցների տակ է 2022 թվականից։ Ուզբեկստանում ծնված ռուս միլիարդատերն իր կարողությունը կուտակել է մետալուրգիայի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտներում արված ներդրումների շնորհիվ։ Եվրամիությունում նրան համարում են Կրեմլի հետ փոխկապակցված անձ։ Ինքը՝ Ուսմանովը, հերքում է այդ ամենը։

Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ Ֆրանսիայի դիրքորոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել ԵՄ անդամ մյուս երկրներում, հատկապես՝ Եվրոպայում հիբրիդային սպառնալիքների աճի ֆոնին։ «Euronews»-ի զրուցակիցը ենթադրել է, որ Փարիզի նախաձեռնության հիմքում գերազանցապես տնտեսական դրդապատճառներ են, և հավելել, որ մի շարք պետություններ պարզապես չեն հասկանում այդ քայլը։

ԵՄ պատժամիջոցները տարածվում են ավելի քան 3 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի և Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին ցուցաբերած աջակցության հետ։ Անհատական պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին, ուստի մինչ այդ ԵՄ երկրները պետք է միաձայն որոշում կայացնեն։

Մինչ այժմ անհատական պատժամիջոցները երկարաձգվում էին վեց ամիսը մեկ։ Այժմ քննարկվում է 12-ամսյա ժամկետի անցնելու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է ԵՄ ոլորտային պատժամիջոցներին, ապա դեռ հուլիսից սկսել են դրանք երկարաձգել մեկ տարով։

Պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման համար պահանջվում է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը, ուստի Սլովակիան կարող է պարզապես արգելափակել այն։ Այժմ իրավիճակն ավելի է բարդացել Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով։ Փարիզն առաջարկել է Ուսմանովին ցանկից հանելը դիտարկել որպես քաղաքական փոխզիջում՝ ակնկալելով, որ դրանից հետո Բրատիսլավան կհրաժարվի երկու գործարարներին էլ բացառելու իր պահանջից։

ԵՄ երկրների դեսպանները պատժամիջոցների երկարաձգման հարցը կրկին կքննարկեն երկուշաբթի օրը։ Նրանք պետք է համաձայնության գան մինչև սեպտեմբերի 15-ը։

Ֆրանսիայի ներկայացուցիչը հաստատել է, որ Փարիզն աջակցում է պատժամիջոցների երկարաձգմանը, սակայն հրաժարվել է մեկնաբանել հարցի քննարկումը՝ վկայակոչելով բանակցությունների գաղտնիությունը։