Վրաստանում յոթ անձ է ձերբակալվել Գարդաբանի մունիցիպալիտետի Գամարջվեբա գյուղում ավելի քան 2,6 միլիոն լարի (շուրջ 1 միլիոն դոլար) արժողությամբ հողատարածքին խարդախությամբ տիրանալու փորձի գործով, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը:
Հողատարածքը պատկանում է օտարերկրյա քաղաքացու: Քննության տվյալներով՝ 2026 թվականի մայիսին կասկածյալները նոտարին են ներկայացրել կեղծ լիազորագիր, իբրև թե տրված Հունաստանում գտնվող սեփականատիրոջ կողմից: Այս փաստաթղթի հիման վրա չարագործները գույքը տնօրինելու իրավունք են ստացել և, նոտարին ու գրանցողին մոլորեցնելով, հողատարածքն արագացված կարգով ձևակերպել են խմբի անդամներից մեկի անունով:
Դրանից հետո հանցակիցները փորձել են ապահովագրել հափշտակված գույքը օրինական տիրոջը վերադարձվելուց: Նրանք ռեգիստր են ներկայացրել առուվաճառքի կեղծ պայմանագիր՝ նպատակ ունենալով հողամասը վերագրանցել մեկ այլ հանցակցի անունով:
Սակայն սխեման մինչև վերջ հասցնել չի հաջողվել․ գործարքի գրանցումը կասեցվել է այն բանից հետո, երբ ռեգիստրը համապատասխան նյութեր է ստացել քննչական մարմիններից:
Դատախազության վարկածով՝ հանցավոր սխեմայի կազմակերպիչը կարող է լինել նախկինում խարդախության համար մի քանի անգամ դատապարտված ռեցիդիվիստը: Նրան ձերբակալել են այս շաբաթ: Մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից կատարված խարդախության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի հասնող ապօրինի եկամուտների օրինականացման փորձի հոդվածներով:
Այս հոդվածներով նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Դատախազությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել դատարան՝ մեղադրյալին կալանավորելու համար:
Քննությունը շարունակվում է: Դատախազությունում չեն բացառում, որ գործով մեղադրյալների թիվը կարող է ավելանալ:





























