ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղքն ընդունելու նախնական համաձայնության է եկել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Դևիդ Ռաշի հետ, ում տանը մայիսին Վիրջինիայում անցկացված խուզարկության ժամանակ ավելի քան 40 միլիոն դոլարի ոսկու ձուլակտորներ էին գտել։ Այս մասին ասված է դաշնային դատարան ներկայացված փաստաթղթերում, հայտնում է «CBS News»-ը։

Դատախազներն ու Ռաշի փաստաբանը խնդրել են դատարանին մինչև հոկտեմբերի 8-ը երկարաձգել մեղադրանք առաջադրելու ժամկետը։ Կողմերն իրենց դիմումը պատճառաբանել են նրանով, որ հարցն արտադատական կարգով լուծելը թույլ կտա խնայել պետության և դատարանի ռեսուրսները։

«Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել և ըստ էության եկել են մեղքն ընդունելու համաձայնության, ինչը թույլ կտա գործը հանգուցալուծել նախքան պաշտոնական մեղադրանք առաջադրելը», — նշված է դատական փաստաթղթում։ Դատախազությունն ու պաշտպանական կողմը նկատել են նաև, որ բուն դատաքննությունը երկարատև վեճերի տեղիք կտար գաղտնիք պարունակող նյութերի պատճառով։

Թե կոնկրետ որ մեղադրանքներն է Ռաշը պատրաստ ընդունել, դեռևս չի հաղորդվում։ ՀԴԲ-ի սկզբնական հայցում նրան առաջադրվել էր ընդամենը մեկ մեղադրանք՝ աշխատաժամանակի տեղեկագրերում կեղծիքներ անելու միջոցով պետական միջոցներ հափշտակելու համար։

Քննության տվյալներով՝ Ռաշի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոսկու 303 ձուլակտոր, մոտ 2 միլիոն դոլար կանխիկ դրամ և 35 թանկարժեք ժամացույց, որոնց մեծ մասը՝ «Rolex» ապրանքանիշի։ Հայտնաբերված ոսկու ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 40 միլիոն դոլար։

ՀԴԲ-ն նաև պնդում էր, որ Ռաշն աշխատանքի ընդունվելիս պետական մարմիններին կեղծ տեղեկություններ է տրամադրել իր կրթության և ռազմական ծառայության մասին։ Բացի այդ, 2015 թվականին ԱՄՆ Ռազմածովային ուժերից ազատվելուց հետո նա ապօրինաբար զինվորական արձակուրդ է ձևակերպել։ Քննության տվյալներով՝ նրա հաշվետվություններում արձանագրված է եղել այդպիսի 744 ժամ արձակուրդ, որի դիմաց նա ստացել է շուրջ 77 հազար դոլար։

Քննիչները հայտնել են նաև, որ Ռաշը կառավարությունից պարբերաբար խոշոր չափերի արտարժույթ ու տասնյակ միլիոնավոր դոլարների ոսկու ձուլակտորներ է պահանջել՝ իբր աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով։ Նա ստացել է այդ միջոցները, սակայն նրա գործատուն այդպես էլ չի կարողացել պարզել, թե որն է եղել դրանց իրական նպատակը։

Հունիսին դաշնային դատարանը որոշել էր մինչև դատաքննությունը Ռաշին թողնել կալանքի տակ՝ գտնելով, որ նա կարող է փախուստի դիմել։ Նոր համաձայնագիրը թույլ կտա փակել գործը՝ առանց նրան նոր մեղադրական եզրակացություն ներկայացնելու և դատական լիարժեք գործընթաց սկսելու։