Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է» և «բարոյական իրավունք չունի ինքնուրույն որոշելու, թե որ գործողությունները պետք է համարվեն ահաբեկչություն»։
Այսպես նա արձագանքել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցի օրը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի արած հայտարարությանը։
X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Բաղային ԱՄՆ-ի դիրքորոշումն անվանել է հակասական։ Նրա խոսքով՝ երկիրը չի կարող միաժամանակ վարել ագրեսիվ պատերազմներ, իրականացնել սպանություններ ու հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը, իսկ հետո հավակնել բացառիկ իրավունքի՝ որոշելու, թե ինչն է ահաբեկչություն և ում բռնությունը կարող է արդարացված համարվել։
Բաղային նաև հայտարարել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների անմիջական կատարողների թվում իրանցիներ չեն եղել։ Միևնույն ժամանակ նա ԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ նախորդ տասնամյակներին Վաշինգտոնը «զինել, կազմակերպել կամ այլ կերպ աջակցել է ծայրահեղական խմբավորումների հետ կապված ուժերին»։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ ահաբեկչություններին հաջորդած «ահաբեկչության դեմ ամերիկյան պայքարը» հանգեցրել է Աֆղանստանի ու Իրաքի բազմամյա պատերազմներին և օկուպացիային, խաղաղ բնակիչների զոհվելուն ու մասշտաբային ավերածությունների։
Բաղային առանձնակի քննադատել է սեպտեմբերի 11-ի տարելիցը Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններն արդարացնելու նպատակով օգտագործելու փորձերը։ Նա անհեթեթ է անվանել նման փաստարկումը և հայտարարել, որ ինքնիշխան պետության ներկայացուցիչների սպանությունն ու քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ կանանց և երեխաներին հարվածելը չեն կարող արդարացվել ահաբեկչության դեմ պայքարի հռետորաբանությամբ։
ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Աֆղանստանում սկսվել է 2001 թվականի հոկտեմբերի 7-ին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից մեկ ամիս էլ չանցած, որոնց հետևանքով ԱՄՆ-ում զոհվել էր 2 977 մարդ։ Վաշինգտոնն այդ արշավը հայտարարեց որպես գլոբալ «ահաբեկչության դեմ պատերազմի» մեկնարկ։
Բաղային նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության հաջորդ 20 տարիների ընթացքում ծախսվել են տրիլիոնավոր դոլարներ, սակայն հակամարտությունն ուղեկցվել է մարդկային հսկայական կորուստներով ու ավերածություններով։ Նրա խոսքով՝ ամերիկյան կոալիցիային այդպես էլ չհաջողվեց հասնել կայուն քաղաքական կարգավորման կամ վերացնել այն ուժերը, որոնց նա մտադիր էր հաղթել։





























