Սինգապուրի դատարանը մերժել է գործարարի հայցը, որը սիրեցյալից բաժանվելուց հետո փորձել էր վերադարձնել 468 հազար սինգապուրյան դոլար (մոտ 369 հազար ԱՄՆ դոլար), որոնք ծախսել էր նվերների, ուղևորությունների և այլ ծախսերի վրա, գրել է BBC News-ը։
Դատավորը եզրակացրել է, որ տղամարդը կամավոր է գումար ծախսել կնոջ վրա և չի ակնկալել հետ ստանալ դրանք։
Լոգիստիկ ընկերության ղեկավար Չանդեր Ագարվալը նախկին բորտուղեկցորդուհի Ֆելիսիա Լիի հետ ծանոթացել էր 2019 թվականին, թռիչքի ժամանակ։ Նրանց միջև ռոմանտիկ հարաբերությունները սկսվել էին 2022 թվականի սեպտեմբերին և շարունակվել մինչև 2023 թվականի դեկտեմբերը։ Բաժանումից հետո Ագարվալը Լիին կասկածել էր դավաճանության մեջ և 2024 թվականի մարտին նրա դեմ դատական հայց էր ներկայացրել։
Գործարարը պնդում էր, որ հարաբերությունների ընթացքում կինը բազմիցս իրենից խնդրել է անտոկոս փոխառություններ։ Ընդհանուր առմամբ նա պահանջել է վերադարձնել 468 հազար սինգապուրյան դոլար։ Այդ գումարի մեջ ներառված էին մոտ 206 հազար դոլարի վարկային քարտերի ծախսեր, 129 հազար դոլար՝ արտասահմանյան ուղևորությունների համար, 17 հազար դոլար՝ նրա բնակարանի համար ֆեն-շուի մասնագետի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ևս 20 հազար դոլար, որոնք ծախսվել էին նրա կյանքի ապահովագրության վրա։
Լին հայտնել է, որ խոսքը ոչ թե փոխառությունների, այլ նվերների մասին էր, որոնք տղամարդն իրեն նվիրել է սիրուց և կապվածությունից դրդված։ Սինգապուրի Գերագույն դատարանի դատավոր Լի Սիու Քինը համաձայնել է այս վարկածին։
Նրա խոսքով՝ Ագարվալը դեռ մինչև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը Լիին թանկարժեք նվերներ անելու սովորություն էր ցուցաբերել։ Ընդ որում, նա բազմիցս հասկացրել էր, որ չի ակնկալում գումարի վերադարձ։ Նամակագրության մեջ կինը հիացմունք էր հայտնում թանկարժեք նվերների նկատմամբ, իսկ երբեմն էլ, հակառակը, ակնհայտորեն չէր ուզում դրանք ընդունել։
Բացի այդ, Ագարվալը չի կարողացել ներկայացնել փաստաթղթային ապացույցներ, որ Լին իսկապես խնդրել էր իրեն փոխառություններ տրամադրել կամ ընդունել էր պարտքի առկայությունը։ Դատավորը նշել է, որ ապացույցներն ավելի շուտ վկայում են այն մասին, որ գործարարը, սիրահարված լինելով, կնոջը «ողողում» էր թանկարժեք նվերներով։
«Ցավոք, երբ նրանց հարաբերություններն ավարտվեցին տհաճ նոտայով, հայցվորը լցվեց չարությամբ և որոշեց նրանից բռնագանձել դրա գինը», — նշվել է որոշման մեջ։
Դատավորը նաև նշել է նախկին զուգընկերների ֆինանսական դրության էական տարբերությունը. Ագարվալը «կարողության տեր և թանկ ճաշակ ունեցող» մարդ էր, մինչդեռ Լին նույն շրջանին չէր պատկանում։
Որոշման վերջում դատավորը մեջբերել է անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Քոնգրիվին, որը գրել էր, որ չկա սիրուց ավելի ուժեղ ատելություն, որը վերածվել է կատաղության, և հավելել, որ նման զգացմունքները «որևէ մի սեռի բացառիկ արտոնությունը չեն»։
Սա Սինգապուրում ձախողված հարաբերություններից հետո ծագած առաջին անսովոր դատական վեճը չէ։ 2023 թվականին մի տղամարդ կնոջ դեմ երկու հայց էր ներկայացրել՝ ընդհանուր ավելի քան 3 միլիոն սինգապուրյան դոլարի չափով, քանի որ վերջինը մերժել էր նրա ռոմանտիկ առաջարկները։ Դատարանները մերժել էին այդ պահանջները։




























