Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ դեկտեմբերին պատրաստ է մեկնել Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, եթե դրան մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին Զելենսկին դրական է պատասխանել․ «Այո՛, անշուշտ։ Մենք պետք է գնանք։ Պետք է հանդիպենք, խոսենք ու որոշումներ կայացնենք»։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր զրույցի բովանդակությունն ավելի քիչ նշանակություն ունի, քան դրա արդյունքը․ «Խնդիրը բառերը չեն։ Թե ես ինչ կասեմ նրան, կամ նա ինչ է ուզում ասել ինձ՝ էական չէ։ Կարևորը արդյունքն է»։

Զելենսկին և Պուտինն առանձին չեն հանդիպել 2022 թվականի փետրվարից ի վեր, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում: Կրեմլը դեռևս չի հայտնել՝ մտադիր է արդյոք Պուտինը մասնակցել Մայամիում կայանալիք G20-ի դեկտեմբերյան գագաթնաժողովին։ 2019 թվականից ի վեր Ռուսաստանի նախագահն անձամբ չի մասնակցել G20-ի գագաթնաժողովներին։

Հարցազրույցում Զելենսկին նաև կոչ է արել ԱՄՆ-ին և եվրոպական դաշնակիցներին ձմռանն ընդառաջ ավելացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների մատակարարումները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ամսական արտադրում է շուրջ 140 բալիստիկ հրթիռ, մինչդեռ Ուկրաինային անհրաժեշտ է առաջիկա ցուրտ ամիսներին ստանալ ամսական 100–120 Patriot հրթիռ:

Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է սպառազինություն վաճառել Ուկրաինային, սակայն արտադրության ծավալները դեռևս սահմանափակ են, այդ պատճառով Կիևը հույս ունի հրթիռներ ստանալ նաև ամերիկյան պահեստային պաշարներից: Գերմանիան ավելի վաղ հայտարարել էր սեփական պաշարներից Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու մտադրության մասին, սակայն հստակ քանակ չէր նշել:

Ուկրաինայի նախագահը հավելել է նաև, որ Կիևը «լավ դիրքերում է» հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Կիև կատարած այցը դրական ազդակ էր: Զելենսկին պնդում է, որ ռուսական զորքերը զգալի կորուստներ են կրում տարածքային փոքր ձեռքբերումների դիմաց:

Որպես բանակցությունների հնարավոր առաջին քայլ՝ նա առաջարկել է համաձայնության գալ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելը դադարեցնելու և Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգությունն ապահովելու շուրջ․ «Էներգետիկան ու հացահատիկը առաջին քայլն են»։