Բուլղարիայի կենտրոնական հատվածում գտնվող ռազմամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել են տեղական իշխանություններն ու ԶԼՄ-ները: Սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկրում ռազմամթերքի պահպանման օբյեկտում տեղի ունեցած արդեն երկրորդ հրդեհն է, գրում է Reuters-ը:

Հրդեհը բռնկվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը Գաբրովոյի մարզի Ծարևա Լիվադա գյուղի մերձակայքում: Մարզպետ Կրիստինա Սիդորովայի խոսքով՝ կրակը տարածվել է պահեստային բազայի տարածքում՝ մի պահեստից անցնելով մյուսին: Բոցը տեսանելի է եղել գիշերային երկնքում. տեղական ԶԼՄ-ները տեսանյութեր են տարածել դեպքի վայրից:

Բուլղարական ԶԼՄ-ների տվյալներով՝ պահեստը պատկանում է EMCO զինագործական ընկերությանը, որը ղեկավարում է բուլղարացի զենքի վաճառական Էմիլիան Գեբրևը: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ հրդեհը տեղի է ունեցել EMCO-ի օբյեկտում: Reuters-ին չի հաջողվել օպերատիվ մեկնաբանություն ստանալ ընկերությունից:

Անցյալ ամիս EMCO-ի մեկ այլ օբյեկտում նույնպես պայթյուն էր տեղի ունեցել: Գեբրևի ընկերությունը նախկինում ևս հայտնվել էր քննությունների կենտրոնում՝ Բուլղարիայի ռազմամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների համար:

2024 թվականին Բուլղարիան կալանավորման օրդեր էր արձակել Ռուսաստանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնց դատախազությունը մեղադրում էր 2011-2020 թվականներին EMCO-ի պահեստների ոչնչացմանը մասնակցելու մեջ: Այդ օբյեկտներում պահվում էր Ուկրաինա և Վրաստան արտահանման համար նախատեսված ռազմամթերքը:

Բուլղարացի դատախազներն այն ժամանակ հայտարարել էին, որ հիմքեր ունեն ենթադրելու, որ կապ կա պահեստներում տեղի ունեցած պայթյունների, 2015 թվականին Գեբրևի թունավորման փորձի և 2014 թվականին Չեխիայի ռազմամթերքի պահեստներում արձանագրված պայթյունների միջև:

Ռուսաստանի իշխանությունները հերքել են ներկայացված մեղադրանքները:

Ներկայիս պայթյունի և հրդեհի պատճառները դեռևս անհայտ են: Իշխանությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում: