ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինն պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 6 դոլարը (1 գալոնի դիմաց)։ Սա լրացուցիչ ճնշում է ստեղծում սպառողների ու բիզնեսի վրա՝ առաջացնելով գնաճային նոր ռիսկեր։ Axios-ը, վկայակոչելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալները, հայտնում է, որ մեկ տարում դիզվառելիքը թանկացել է շուրջ 60%-ով։
Դիզելի թանկացումն աստիճանաբար կանդրադառնա գրեթե բոլոր ապրանքների գների վրա, քանի որ վառելիքն օգտագործվում է մատակարարման շղթայի բոլոր փուլերում (արտադրությունից մինչև վաճառքի կետեր հասցնելը)։
Դրա հետևանքները կզգան սննդամթերք սպառողները։ Kroger սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրեն Գրեգ Ֆորանը նշել է, որ գների վրա ճնշումը, ամենայն հավանականությամբ, կուժեղանա։ Խոզամսի արտադրությամբ զբաղվող Smithfield Foods ընկերությունից հայտնել են, որ դիզվառելիքի թանկացման ազդեցությունն արդեն զգացվում է տարվա երկրորդ կեսին։ Hormel Foods-ը նույնպես վառելիքային ծախսերի աճը դասել է այն հիմնական խնդիրների շարքին, որոնց ընկերությունը բախվում է Իրանի դեմ պատերազմի ֆոնին։
Խնդիրը շրջանցում է նաև ոչ սննդային ապրանքների արտադրողներին։ Rubbermaid, Sharpie և Coleman ապրանքանիշերը ներկայացնող Newell Brands ընկերությունից հայտնել են, որ էներգակիրների գնաճային ազդեցությունը սպասվածից շատ ավելի մեծ է ստացվել։ Ընկերությունում ծախսերի աճը բացատրում են ինչպես նավթի գնից կախված հումքի թանկացմամբ, այնպես էլ անմիջապես տեղափոխման ծախսերով։
Էներգակիրների գների կտրուկ աճը սկսվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո, ինչը հանգեցրեց Հորմուզի նեղուցի փակմանը։ Սա համաշխարհային առևտրի, մասնավորապես նավթամատակարարման առանցքային ուղիներից է։
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության կանխատեսմամբ՝ 2027 թվականին դիզելի միջին մանրածախ գինը կկազմի 4,40 դոլար՝ 1 գալոնի դիմաց, ինչը 33 ցենտով կամ 8,2%-ով բարձր է նախորդ կանխատեսումից։ Զգալիորեն թանկացել է նաև բենզինը. դրա միջին գինն ԱՄՆ-ում հասել է 4,30 դոլարի՝ մեկ տարում ավելանալով 1,11 դոլարով։
GasBuddy-ի տվյալներով՝ վերջին մեկ տարում 50 նահանգներից 47-ում դիզելի միջին գինն աճել է ավելի քան 2 դոլարով։ Վառելիքի թանկացման պատճառով ամերիկյան տնտեսության լրացուցիչ ծախսերը գնահատվում են օրական 300 միլիոն դոլար։ Կալիֆոռնիան կարող է դառնալ առաջին նահանգը, որտեղ միջին գինը կանցնի 8 դոլարի շեմը, իսկ շատ լիցքավորման կայաններում այն արդեն գերազանցում է 9 դոլարը։





























