«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դիմելով աջակիցներին, հայտարարել է, թե այն տեղեկությունը, իբր իր կուսակցությունը պետք է ձայները փոխանցեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սուտ էր, և դրա հեղինակները պետք է պատասխանատվություն կրեն:
«Նաև ուզում եմ խոսել տեղեկատվական տեռորի մասին, հիշում եք՝ Հ1-ով ինչպիսի վստահությամբ էին ասում, թե իբր «Ուժեղ Հայաստան»-ը պետք է ձայն տար Ռոբերտ Քոչարյանին․ հիմա խուսափում են պատասխանել, թե ով է պատասխանատու այդ ստի համար», — նշել է նա:
Կարապետյանի խոսքով՝ ընտրություններից հետո այդ տեղեկությունը տարածողները խուսափում են պատասխանել այն հարցին, թե ով է պատասխանատու նման պնդումներ տարածելու համար:
«Որովհետև հիմա, երբ առերեսվում են դրան, խուսափում են պատասխանել հարցին, թե ով է պատասխանատու այդ ստի համար: Ընտրություններն անցան, մոռացա՞ն․ մենք չենք մոռացել», — հայտարարել է խմբակցության ղեկավարը:
Կարապետյանը նաև ընդդիմադիր ընտրողներին կոչ է արել չհիասթափվել ընտրությունների արդյունքներից և համեմատել է 2021 ու 2026 թվականների խորհրդարանական ընտրությունների ցուցանիշները: Նրա պնդմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժերը միասին 2026 թվականին գրեթե 80%-ով ավելի շատ ձայն են ստացել, քան 2021-ին, այսինքն՝ գրեթե կրկնակի շատ:
«Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն աջակցության շեշտակի անկում է ունենում», — հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև մեղադրել է իշխանություններին ընտրական գործընթացում վարչական ռեսուրս կիրառելու մեջ՝ հայտարարելով, որ դրան միջամտել են մարզպետների, քաղաքապետերի և դպրոցների տնօրենների մակարդակով։ Բացի այդ, նրա խոսքով, ընտրությունների նախօրեին «Ուժեղ Հայաստանի» տարածքային կառույցների ղեկավարներին երկու-երեք օրով ձերբակալում էին, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել ընտրական գործընթացին։
«Ընդդիմությունը 80% ավել ձայն ա հավաքել, համարյա 2 անգամ շատ ձայն», — նշել է Կարապետյանը։
Նա կոչ է արել աջակիցներին ընտրությունների արդյունքները դիտարկել որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական աջակցության նվազման վկայություն։
«Սա նշանակում է, որ Փաշինյանի և ՔՊ-ի կառավարման ժամանակը հաշվված է, մեր միակ աշխատանքը՝ որ դա լինի ինչքան հնարավոր է շուտ և ինչքան հնարավոր է քիչ կորուստով», — հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը։





























