Հունաստանի Սերես քաղաքի հիվանդանոցից հանցակիցները փախցրել են կալանավորին՝ քողարկվելով իրավապահ մարմինների աշխատակիցների հանդերձանքով։ Ոստիկանությունն այժմ որոնողական լայնամասշտաբ գործողություն է իրականացնում։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան և ավելի շատ ֆիլմի տեսարան է հիշեցրել, հայտնում է հունական ERT հեռուստաալիքը։
Սալոնիկից արևելք գտնվող Նիգրիտայի բանտում պատիժ կրող կալանավորը տեղական ժամանակով մոտ 23:00-ին գանգատվել է վատ ինքնազգացողությունից։ Նրան բուժօգնություն ցուցաբերելու և հետազոտելու նպատակով տեղափոխել են Սերեսի հիվանդանոց։
Այնտեղ, սակայն, նրան արդեն սպասելիս են եղել ոստիկանական համազգեստով հանցակիցները։ Նրանք զինաթափել են կալանավորին ուղեկցող ոստիկաններին, վերցրել նրան ու դիմել փախուստի։
Ըստ նախնական տվյալների՝ հանցակիցներն օգտագործել են ոստիկանական մեքենայի տեսքով ձևափոխված և առկայծող փարոսիկով սարքավորված ավտոմեքենա։ Փախուստից անմիջապես հետո ոստիկանությունը լայնածավալ գործողություն է սկսել կալանավորին և նրա աջակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Փախուստի դիմած կալանավորը համարվում է առանձնապես վտանգավոր հանցագործ, որն իր պատիժը կրում էր թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության համար։ Զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նախկինում առնչություն է ունեցել նաև Սալոնիկում ցերեկով տեղի ունեցած կրակոցներին։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը և փորձում է պարզել կալանավորի ու գործողության մյուս մասնակիցների գտնվելու վայրը։ Հայտնի է դարձել նաև, որ իրավապահներն արդեն հայտնաբերել են փախուստի ժամանակ օգտագործված՝ կեղծ պետհամարանիշերով ավտոմեքենան։





























