Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը տարաձայնություններ է առաջացնում ԲՐԻԿՍ-ի մի շարք երկրների միջև՝ միավորման եզրափակիչ հռչակագրի համաձայնեցման ընթացքում։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա չի հստակեցրել, թե հատկապես որ պետությունների միջև կան տարաձայնություններ։
Ուշակովի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի մասնակիցները դեռ պետք է փոխհամաձայնության գան, սակայն դրա համար ժամանակ դեռ շատ կա։ «Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի տարաձայնություններ է առաջացնում մի շարք մասնակիցների միջև։ Կարծում եմ՝ կհասնենք համաձայնության, ինձ այդպես է թվում», — «Առաջին ալիքի» եթերում ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտության հերթական սրումը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, երբ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել ռազմական օբյեկտներին ու նավերին։ Լարվածության ֆոնին Վաշինգտոնը, ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, գնահատում է Թեհրանի հետ հետագա հակամարտության հեռանկարները։
The New York Times-ի աղբյուրները պնդում են, որ ամերիկյան հետախուզությունը տեղեկություններ է ստացել հակամարտությունը շարունակելու Իրանի մտադրության մասին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Սպիտակ տանը չեն բացառում, որ պատերազմը կարող է ձգձգվել մինչև 2029 թվականը։




























