Քուրդաբնակ սիրիական Քոբանի քաղաքի բանտում խռովություն և հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ անկարգությունները սկսվել են քրդերի և արաբների միջև լարվածության ֆոնին, որն առաջացել էր քաղաքում մեկ օր առաջ։ Խռովության ընթացքում կալանավորները հրդեհ են առաջացրել։ Թեև Սիրիայի կառավարական ուժերը մտել են Քոբանի և տեղակայվել Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում, այնուամենայնիվ բանտը շարունակում է մնալ քրդական ջոկատների վերահսկողության տակ։
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» (SOHR) հայտնել է, որ անկարգությունների պատճառ են դարձել կալանավորների մի մասին Հալեպի բանտ տեղափոխելու իշխանությունների ծրագրերը, փոխանցում է Associated Press-ը։
Քոբանին երկար ժամանակ գտնվել է քրդական ուժերի վերահսկողության տակ և շուրջ տասը տարի առաջ դիմակայել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների պաշարմանը։ Հետագայում քաղաքը դարձավ խմբավորման դեմ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական գործողությունների հենակետերից մեկը։ 2019 թվականին զինյալները կորցրեցին Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող վերջին տարածքը։
Նախօրեին Քոբանիում նույնպես անկարգություններ էին տեղի ունեցել այն բանից հետո, երբ քրդերը արաբներին մեղադրել էին քուրդ բնակչի սպանության մեջ։ Չնայած երկրի հյուսիս-արևելքում վերահսկողություն հաստատելու Դամասկոսի ձեռնարկած քայլերին՝ քրդական փոքրամասնության և կենտրոնական իշխանությունների հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Օգոստոսի վերջին ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարը հայտարարել է կառույցի պաշտոնական լուծարման մասին, որն ավելի վաղ վերահսկում էր Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող փաստացի ինքնավար քրդական շրջանի տարածքի զգալի մասը։




























