ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները Նյու Դելիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով միաձայն ընդունել են համատեղ հռչակագիրը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Փաստաթուղթն ընդունվել է սեպտեմբերի 12-ին, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
Հռչակագրում միավորման երկրները մտահոգություն են հայտնել մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միակողմանի միջոցների ընդլայնման կապակցությամբ, որոնք, նրանց գնահատմամբ, աղավաղում են միջազգային առևտուրն ու չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին։ ԲՐԻԿՍ-ի մասնակիցները ընդգծել են համատեղ քայլերի անհրաժեշտությունը՝ ապրանքների կայուն տեղաշարժը, մատակարարումների գլոբալ շղթաների պահպանումն ու էներգակիրների անխափան մատակարարումն ապահովելու համար։
Պետությունները նաև մտադրություն են հայտնել շարունակել անդրսահմանային վճարումների մեխանիզմների ստեղծման և փոխադարձ առևտրում ազգային արժույթների կիրառման ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Հռչակագրում կոչ է արվում չեղարկել միակողմանի և երկրորդային պատժամիջոցները։
Փաստաթղթի առանձին բաժին էլ նվիրված է միջազգային անվտանգությանը։ ԲՐԻԿՍ-ի երկրները կողմ են արտահայտվել հակամարտությունների կանխարգելմանը (այդ թվում՝ դրանց բուն պատճառների վերացման միջոցով) և մտահոգություն են հայտնել միջուկային սպառնալիքի ու զինված հակամարտությունների ռիսկերի աճի կապակցությամբ։
Հռչակագրում շեշտվում է նաև ցանկացած հանգամանքներում, ներառյալ զինված հակամարտությունների ընթացքում, միջուկային անվտանգության երաշխիքների և շրջակա միջավայրի պահպանության պահանջների պահպանման անհրաժեշտությունը։ Միավորման մասնակիցները կոչ են արել պահպանել ռազմական ակտիվ գործողությունների գոտիների մշակութային ժառանգությունը՝ թույլ չտալով դրա ոչնչացումն ու մշակութային արժեքների ապօրինի արտահանումը։
ԲՐԻԿՍ-ի երկրները վերահաստատել են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իր մանդատի իրականացման գործում աջակցելու մտադրությունը։





























