Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայի ոստիկանությունը հրապարակել է 48-ամյա Դանիել Վ.-ի ձերբակալության տեսագրությունը, որին կասկածում են Գերմանիայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների դեմ իրականացված մի շարք դիվերսիաների մեջ, հայտնել է Euronews-ը։
Վզից կախված տեսախցիկից արված կադրերում երևում է, թե ինչպես են զինված ոստիկանները մոտենում գետնին փորի վրա պառկած տղամարդուն, հագցնում ձեռնաշղթաներ և ուղեկցում պարեկային մեքենայի մոտ։
Տեսագրությունում ցուցադրվում է նաև վրանը, որտեղ, ենթադրաբար, բնակվել է կասկածյալը։
Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝ քննությունը բացահայտել է հնարավոր դիվերսիաների լրացուցիչ վայրեր ոչ միայն այս դաշնային երկրամասում, այլև Գերմանիայի այլ շրջաններում, ինչպես նաև հարևան երկրներում։
Միայն Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայում քննիչները հայտնաբերել են ավելի քան 40 սարք, որոնք կարող են էլեկտրահաղորդիչ նյութ արձակել ենթակայանների մերձակայքում գտնվող էլեկտրահաղորդման գծերի ուղղությամբ։ Քննության վարկածով՝ նման սարքերը կարող էին օգտագործվել կարճ միացումներ առաջացնելու և դրան հաջորդող էլեկտրաէներգիայի անջատումներ կազմակերպելու համար։
Նոր տեղեկությունները քննիչները ստացել են կասկածյալի ավտոմեքենայի առգրավումից հետո։ Դրա մեջ հայտնաբերվել է նոթատետր՝ ավելի քան 160 հայտնի կամ ենթադրյալ օբյեկտների մասին ձեռագիր նշումներով, որոնք կարող էին դառնալ հնարավոր դիվերսիաների թիրախ։ Նշված բոլոր վայրերը ստուգվել են։ Ձերբակալությունից հետո Դանիել Վ.-ն, ինչպես տեղեկացվել է, նաև նշել է յոթ օբյեկտ, որտեղ ինքը, իբր, սարքավորել էր թաքստոցներ։
«Մենք ոչ միայն ձերբակալել ենք ենթադրյալ հարձակման կատարողին, այլև, հնարավոր է, դրանով կանխել ենք նոր հարձակումների մի ամբողջ շարք», — հայտարարել է Ռոյլը։
Կասկածյալին, որը մի քանի օր հետախուզվում էր, ձերբակալել են երեքշաբթի Աախենի մերձակայքում գտնվող Վայսվայլեր էլեկտրակայանից ոչ հեռու։ dpa գործակալության տվյալներով՝ նրան կանգնեցրել են ճանապարհային ստուգման ժամանակ։
Քննությունը իր վարույթ է վերցրել Գերմանիայի գլխավոր դատախազությունը՝ գործը որակելով առանձնահատուկ կարևորություն ունեցող։ Մասնավորապես, քննիչները պարզում են, թե արդյոք կասկածյալն իր գործողություններով կարող էր ոտնձգություն կատարել երկրի սահմանադրական կարգի դեմ։
Հայտնաբերված սարքերի մեծ քանակի պատճառով իրավապահ մարմինները նաև ստուգում են, թե արդյոք Դանիել Վ.-ն կարող էր գործել միայնակ։ Չի բացառվում նաև այն վարկածը, որ նա կարող էր գործել օտարերկրյա պետության հանձնարարությամբ։ Միաժամանակ Ռոյլը ընդգծել է, որ այս վարկածը հաստատող ապացույցներ առայժմ չկան։
Վերջին օրերին Հյուսիսային Հռենոս — Վեսթֆալիայում և Բրանդենբուրգում քննվում են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ենթադրյալ մի քանի դիվերսիաներ։ Մասնավորապես, չարագործները կարող էին օգտագործել ինքնաշեն հրթիռներ՝ էլեկտրահաղորդիչ նյութ բարձրավոլտ գծերի ուղղությամբ արձակելու համար։ Այս միջադեպերի հետևանքով էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ չեն գրանցվել։
Որոշ գրոհների պատասխանատվությունը նամակներում ստանձնել էր անհայտ մի հեղինակ։ Սակայն Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Արմին Շուսթերը կոչ է արել վաղաժամ եզրակացություններ չանել՝ նշելով թե՛ ենթադրյալ հարձակման եղանակի, թե՛ հրապարակված հայտարարությունների անսովոր բնույթը։




























