Երկու ուղևորի կապել են Մելբուռնից Դոհա չվերթի ընթացքում՝ ինքնաթիռի սրահում տեղի ունեցած կռվից հետո։ Կատարի մայրաքաղաք ժամանելուն պես նրանց հանձնել են տեղի իշխանություններին, հայտնել է չվերթն իրականացրած Qatar Airways ավիաընկերությունը։

«Մենք կարող ենք հաստատել, որ ուրբաթ Մելբուռնից Դոհա իրականացվող VA7 չվերթի ընթացքում երկու տղամարդ ուղևոր ֆիզիկական ընդհարման մեջ է մտել», — նշվել է ավիաընկերության հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդիկ սպառնացել են ուղևորներին և անձնակազմի անդամներին, այդ թվում՝ պնդելով, ուր իրենցից մեկի մոտ զենք կա։

Չվերթի մի ուղևորուհի Nine պարբերականին պատմել է, որ տղամարդիկ բազմիցս վեր են կացել իրենց տեղերից և կրկին նստել, ապա սկսել են վիճել ու կռվել։ Նրա խոսքով՝ նրանք չեն ենթարկվել անձնակազմի պահանջներին, ինչից հետո ուղեկցորդները ստիպված են եղել նրանց կապել։

«Տղամարդիկ չէին ենթարկվում անձնակազմի ցուցումներին, և ի վերջո նրանց ստիպված էին կապել», — պատմել է կինը։

Qatar Airways-ը հաստատել է, որ երկու ուղևորներն էլ կապված են մնացել մինչև թռիչքի ավարտը, իսկ Դոհայում վայրէջքից հետո հանձնվել են տեղի իրավապահ մարմիններին։

«Մեր անձնակազմի և ուղևորների անվտանգությունն ու բարեկեցությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունը», — հայտարարել է ավիաընկերությունը։