Եմենի արևմուտքում հութիների սրընթաց հարձակման հետևանքով առնվազն 76 հազար մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Ինչպես հաղորդել է The Guardian-ը, ամբողջ գյուղեր դատարկվել են, որոշ ընտանիքներ շարունակում են շրջափակված մնալ մարտական գործողությունների գոտիներում՝ սննդամթերքի պաշարների նվազման ֆոնին։
Մի քանի օրվա ընթացքում Իրանի աջակցությունը վայելող հութիները գրավել են Կարմիր ծովի ափին գտնվող մի շարք բնակավայրեր, որոնք նախկինում վերահսկվում էին Եմենի կառավարության ուժերի կողմից, որոնք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից։ Մարտերի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել փախչել։
ՄՄԿ տվյալներով՝ 46 հազար մարդ տեղաշարժվել է Թաիզ և Հոդեյդա նահանգների սահմաններում։ Շատերի համար սա արդեն երկրորդ կամ երրորդ հարկադիր տեղահանությունն է պատերազմի պատճառով։ Զգալի թվով բնակիչներ լքում են քաղաքները՝ իրենց անձնական իրերի հետ միասին։ Մարտական գործողությունները հանգեցրել են կարևոր ճանապարհների փակման, որոշ շրջաններում խափանվել է հեռախոսակապը։
«Բնակչության տեղաշարժի մասշտաբները սրընթաց աճում են», — հայտարարել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՄՄԿ ներկայացուցիչ Ջո Լոուրին։
Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչներին առաջին հերթին անհրաժեշտ են ժամանակավոր կացարան, սնունդ, խմելու ջուր, բժշկական օգնություն, դրամական աջակցություն և առաջին անհրաժեշտության միջոցներ։ Շատ մարդիկ ստիպված են եղել հանկարծակի փախչել հրետակոծությունների և ճակատային գծի առաջխաղացման պատճառով և հասել են անվտանգ շրջաններ գրեթե առանց իրերի։
Հութիների հատկապես արագ հարձակումը հանգեցրել է Կարմիր ծովի ափին գտնվող ռազմավարական կարևորություն ունեցող Մոհա նավահանգստային քաղաքի անկմանը։ Բնակիչները պատմել են փախուստի ժամանակ տիրող քաոսի և գույքի թալանի մասին։ Ոմանք կարողացել են քաղաքից հեռանալ ավտոմեքենաներով և մոտոցիկլներով, մինչդեռ մյուս ընտանիքները կտրվել են տարհանման ուղիներից։
Հութիների կողմից առանցքային շրջանների, այդ թվում՝ ափամերձ կղզիների գրավումը նրանց մոտեցնում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցին՝ Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն ծովային ուղուն։ Այս նեղ հատվածի փակումը կարող է լրջորեն ազդել համաշխարհային առևտրի վրա․ նավերը ստիպված կլինեն շրջանցել Աֆրիկայի հարավը՝ անցնելով հազարավոր լրացուցիչ ծովային մղոններ։
Մարտական գործողություններն արդեն նպաստել են նավթի գների աճին՝ մի քանի շաբաթ շուրջ 80 դոլարի մակարդակից բարձրացնելով դրանք մինչև բարելի դիմաց 100 դոլարից ավելի։
ՄԱԿ Եմենի հարցերով հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը տեղի ունեցողը բնութագրել է որպես «պատերազմի նոր և ավելի վտանգավոր փուլ»։ Նրա խոսքով՝ մարտական գործողությունների վերսկսումը փաստացի վերջ է դրել հարաբերական անդորրին, որը պահպանվում էր ավելի քան չորս տարի՝ ՄԱԿ միջնորդությամբ կնքված հրադադարից հետո։
Սրացումը տեղի է ունենում աշխարհի ամենածանր հումանիտար իրավիճակներից մեկի ֆոնին։ ՄԱԿ վերջին զեկույցի համաձայն՝ Եմենի 40-միլիոնանոց բնակչության մոտ կեսը բախվում է սննդի սուր պակասի։ Երկարամյա հակամարտությունը, տնտեսական ճգնաժամը, բնակչության տեղաշարժը և օգնության միջազգային ֆինանսավորման կրճատումը շարունակում են վատթարացնել երկրի բնակիչների վիճակը։





























