Մեկ մարդ զոհվել է, 102-ը փրկվել են Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Ճավայի ծովում, մարդատար լաստանավի վթարից հետո։ Մյուս ուղևորների որոնումները շարունակվում են, հաղորդում է BBC News-ը։

Virgo Transport 8 լաստանավը, որի վրա եղել է 243 մարդ, հայտնվել է եղանակային վատ պայմաններում, ինչից հետո նավի հետ կապը կորել է, հայտնել են Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալությունից։

Լաստանավը շարժվում էր Սուրաբայայից դեպի Բանջարմասին՝ Կալիմանտան կղզու հարավում գտնվող քաղաքը։ Նավից ստացված վերջին ազդանշանը ստացվել է կիրակի օրը՝ տեղական ժամանակով մոտ 02:00-ին։ Այդ պահին լաստանավը գտնվում էր Բանջարմասինից մոտ 150 կիլոմետր հարավ։

Դեպքի վայր են ուղարկվել որոնողափրկարարական նավեր և ուղղաթիռ։ Ճավայի ծովի այդ շրջանում գտնվող մյուս բոլոր նավերը ստացել են նախազգուշացում՝ խնդրանքով հայտնել հայտնաբերված ցանկացած ուղևորի մասին։

Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

Միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայում լաստանավի մեկ այլ վթարից մեկ ամիս անց։ Անցյալ ամիս Մադուրա կղզու մոտ նավը հրդեհվել էր, ինչի հետևանքով զոհվել էր հինգ մարդ։

Ինդոնեզիան ավելի քան 17 հազար կղզիներից բաղկացած արշիպելագ է, ուստի լաստանավային հաղորդակցությունը երկրում տրանսպորտի տարածված տեսակներից մեկն է։