ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլը հայտարարել է, որ աշխարհի խոշորագույն բանակները չեն հասցնում հարմարվել ժամանակակից պատերազմի բնույթի արագ փոփոխություններին, հայտնում է CBS News-ը։
Ըստ նրա, զինված ուժերը հայտնվել են «բեկումնային փուլում» և պետք է զգալիորեն ավելի արագ ներդնեն նոր տեխնոլոգիաներ ու մարտական գործողությունների վարման մեթոդներ։
Դրիսկոլը ելույթ է ունեցել Կիևում «Յալթայի եվրոպական ռազմավարություն» համաժողովում․ սա նրա առաջին հրապարակային ելույթն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռանալուց հետո։ Նրա հետ միասին քննարկմանը մասնակցել է Google-ի նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը, որը գլխավորում է ամերիկյան պաշտպանական Perennial Autonomy ընկերությունը։ Քննարկումը վարել է CNN-ի լրագրող Ֆարիդ Զաքարիան։
Դրիսկոլը և Շմիդտը բարձր են գնահատել պատերազմի ընթացքում ստեղծված Ուկրաինայի տեխնոլոգիական մշակումները։ Մասնավորապես, նրանք նշել են DELTA համակարգը՝ ուկրաինական ծրագրային հարթակ, որը միավորում է ռադարներից, սենսորներից և այլ աղբյուրներից ստացվող տվյալները և զինվորականներին թույլ է տալիս ստանալ մարտադաշտում տեղի ունեցողի ավելի ամբողջական պատկերը։
Ըստ Դրիսկոլի, DELTA-ն գերազանցում է բոլոր նմանատիպ տեխնոլոգիաները, որոնք ներկայումս ունեն ամերիկացի զինվորականները։ Նա նաև հայտարարել է, որ հաշվարկային հզորությունների աճը և արհեստական բանականության հնարավորությունների զարգացումը Ուկրաինային տալիս են «զարմանալի հնարավորություն»՝ Ռուսաստանից առաջ անցնելու նորարարությունների ներդրման արագությամբ և ռազմական տեխնոլոգիաներով։
Նախկին նախարարը կոչ է արել Ուկրաինայի պատերազմից դասեր քաղել, որոնք առաջին հերթին կապված են նոր լուծումների մշակման և ներդրման արագության հետ։ Ըստ նրա, ուկրաինական փորձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է արագ գործել, փորձարկել և անընդհատ կատարելագործել տեխնոլոգիաները։
Էրիկ Շմիդտը պատմել է, որ այն բանից հետո, երբ Դրիսկոլը հայտնաբերել էր, որ ԱՄՆ-ում պակասում են իրանական Shahed անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու միջոցները, օգնությունը ստացվել է ոչ թե ամերիկյան խոշորագույն պաշտպանական կապալառուներից, այլ Perennial Autonomy-ից։ Ընկերությունը մատակարարել է 13 հազար Merops որսացող անօդաչու թռչող սարք և 10 հազար Bumblebee հետախուզական-հարվածային դրոն, որոնք լայնորեն կիրառվում են Ուկրաինայում։
Քննարկման թեմա է դարձել նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալը։ Զաքարիան նշել է, որ ակնկալվում է, որ ԱՄՆ-ն այս տարի կգնի մոտ 300 հազար դրոն, մինչդեռ Ուկրաինան կարտադրի մոտ 7 մլն։ Դահլիճից ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսը հայտարարել է, որ ուկրաինական ցուցանիշը կարող է մոտենալ 10 մլն-ի։
Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին ԱՄՆ-ն կրճատել է որոշ կառույցներ, որոնք զբաղվում էին Ուկրաինայի պատերազմի փորձի ուսումնասիրմամբ։ Օգոստոսին ամերիկյան բանակը դադարեցրել է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման աշխատանքը, որը ստեղծվել էր նաև ուկրաինական դրոնների կիրառման փորձը վերլուծելու համար։
Դրիսկոլը չի մեկնաբանել մի շարք բարձրաստիճան զինվորականների հեռանալը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցությունը մնում է ամուր, թեև ընդունել է, որ այն միշտ չէ, որ համապատասխանում էր Կիևի սպասումներին։
Դրիսկոլը ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնը լքել է օգոստոսի վերջին։ Հաղորդվում էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ տարաձայնությունների մասին՝ կադրային որոշումների և բանակի արդիականացման հարցերի շուրջ։ Ինքը՝ Դրիսկոլը, իր հեռանալը բացատրել է նրանով, որ աշխարհի անվտանգության համար ավելի օգտակար է համարում շարունակել աշխատանքը կառավարության սահմաններից դուրս։





























