Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի արաբական երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը կհանդիպեն Օմանում՝ Հորմուզի նեղուցով նավարկության կարգը համաձայնեցնելու և ձեռք բերված պայմանավորվածության մասին համապատասխան միջազգային ծովային կազմակերպությանը տեղեկացնելու համար։ Այս մասին նա ասել է India Today-ին տված հարցազրույցում՝ Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Ըստ Փեզեշքիանի, Իրանը արդեն բանակցություններ է վարել Օմանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել նեղուցով նավարկության կոնկրետ մեխանիզմի շուրջ։ Նա ընդգծել է, որ այդ մեխանիզմի համաձայն՝ երթուղին բաց կլինի միջազգային իրավունքի շրջանակում, պայմանով, որ ԱՄՆ-ն դադարեցնի Իրանի դեմ իր «ագրեսիան և անարդար հարձակումները»։
«Այս մեխանիզմի շրջանակում երթուղին բաց կլինի միջազգային իրավունքին համապատասխան, պայմանով, որ ԱՄՆ-ն դադարեցնի իր ագրեսիան և անարդար հարձակումները», — ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը խնդիրներ չունի հարևան երկրների հետ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Կատարի, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ըստ նրա, Իրանը դեմ է տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաների օգտագործմանը՝ Իրանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ իր երկիրը պատերազմ չի սկսել և միայն պաշտպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններից։ Նա տարածաշրջանի երկրներին կոչ է արել համատեղ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը՝ թույլ չտալով արտաքին ուժերին տարաձայնություններ ստեղծել հարևանների միջև։
Խոսելով ԲՐԻԿՍ-ի մասին՝ Փեզեշքիանը նշել է, որ միավորումը կարող է դիմակայել միակողմանի պատժամիջոցներին և ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ մասնակից երկրների միջև անկախ առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության ընդլայնման շնորհիվ։ Նրա կարծիքով, ԲՐԻԿՍ-ի Նոր զարգացման բանկը նույնպես կարող է նպաստել համատեղ ներդրումներին և նվազեցնել երկրների կախվածությունը ամերիկյան տնտեսությունից ու դոլարից։
Իրանի նախագահը մերժել է միջուկային զենք ձեռք բերելու ձգտման մասին մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և պատրաստ է բանակցություններ վարել միջազգային իրավունքի շրջանակում։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումներից պատժամիջոցների կամ ռազմական սպառնալիքների ճնշման տակ։ Նա նաև դատապարտել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, հրամանատարների, գիտնականների և երկրի ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումները, ինչպես նաև սննդամթերքի և դեղորայքի մատակարարումների ու արտաքին առևտրի սահմանափակումները։
Հորմուզի նեղուցը առանցքային նշանակություն ունի նավթի և գազի համաշխարհային մատակարարումների համար, ուստի դրանով նավարկության ցանկացած սահմանափակում կարող է ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։





























