Ամերիկյան իշխանությունները գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայից դուրս են բերել ԱՄՆ դեսպանատան մի աշխատակցի, որին կասկածում են երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ պարունակող նյութեր պահելու մեջ՝ առանց նրա մեկնելու մասին բրիտանական ոստիկանությանը տեղեկացնելու, հայտնում է The Sun-ը։

Պարբերականի տվյալներով, անցած ամիս ամերիկյան իշխանությունները խուզարկել են դիվանագետի բնակարանը Լոնդոնում, նրան այնտեղից դուրս բերել և հասցրել ամերիկյան ռազմական բազա, որտեղից էլ նրան տեղափոխել են ԱՄՆ։ Ընդ որում, ամերիկացի աշխատակիցները Մեծ Բրիտանիայի տարածքում մարդկանց ձերբակալելու լիազորություններ չունեն, իսկ տղամարդու արտահանձնման պաշտոնական հարցում, ինչպես պնդում է The Sun-ը, չի ներկայացվել։

Ինչպես հաղորդվում է, բրիտանացի նախարարները ԱՄՆ դեսպանատան հետ կապի մեջ են միջադեպի կապակցությամբ, որը կարող է էլ ավելի բարդացնել Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությունները։

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում գտնվող բոլոր օտարերկրյա դիվանագետները պարտավոր են պահպանել բրիտանական օրենքները, ինչպես նաև արտերկրում գտնվող բրիտանացի դիվանագետները պարտավոր են պահպանել գտնվելու երկրների օրենքները։ Միևնույն ժամանակ նա հրաժարվել է հետագա մեկնաբանություններից, քանի որ ամերիկյան հետաքննությունը շարունակվում է։

Սքոթլենդ Յարդում հայտնել են, որ օգոստոսի 25-ին ամերիկյան իշխանությունները բրիտանական ոստիկանությանը տեղեկացրել են Լոնդոնում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հետաքննության մասին, որոնք կապված են երեխաների նկատմամբ սեռական բռնության պատկերներ պարունակող նյութերի հետ։ «Մենք շարունակում ենք նրանց հետ համագործակցել այս գործով», — հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։

The Sun-ի տվյալներով, դիվանագետի նկատմամբ հետաքննությունը կապված է ԱՄՆ-ում մեկ այլ անձի գործի հետ։

Միջադեպը տեղի է ունեցել երկու ամիս անց այն բանից հետո, երբ այն ժամանակ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Դևիդ Լեմին հայտարարել էր, որ մտադիր է ամերիկյան իշխանությունների հետ քննարկել ամերիկացի ռազմական օդաչու Ջեյքոբ Վուլֆսոնի գործը։ Նրան մեղադրում էին Քեմբրիջում մի կնոջ խեղդելու մեջ, սակայն գործը քննվել է ԱՄՆ ռազմական դատարանում՝ ամերիկյան բազայում, այլ ոչ թե անգլիական դատական համակարգի շրջանակում։ Վուլֆսոնը մեղավոր է ճանաչվել խեղդամահ անելու համար և դատապարտվել վեց ամսվա ազատազրկման, սակայն արդարացվել է սեռական բռնության և սեռական ոտնձգությունների մեղադրանքներով։

ԱՄՆ դեսպանատանը հայտարարել են, որ ամերիկյան իշխանությունները տեղյակ են դիվանագիտական առաքելության աշխատակցի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասին, լրջորեն են վերաբերվում դրանց և արագորեն տեղեկացրել են բրիտանական իրավապահ մարմիններին։ Դեսպանատան տվյալներով, դիվանագետը շարունակվող հետաքննության շրջանակում տեղափոխվել է ԱՄՆ։