Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 13–14-ը Սիրիա կատարելիք այցի ընթացքում կքննարկի քրդական կազմավորումների ինտեգրումը սիրիական բանակին, երկրի հարավում տիրող իրավիճակը, Իսրայելի գործողությունները, ինչպես նաև սիրիական իշխանական ինստիտուտների ամրապնդումը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Ֆիդանը համապարփակ գնահատական կտա Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ջանքերին՝ Սիրիայում կայունություն, խաղաղություն և բարեկեցություն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացին։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Սիրիայում ինտեգրման գործընթացին, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) լուծարմանը, որոնց հիմքը կազմում են քրդական կազմավորումները։ Թուրքիայի նախարարը կընդգծի այս առնչությամբ ավելի վաղ ընդունված որոշումների ժամանակին կատարման անհրաժեշտությունը։

Բացի այդ, Ֆիդանը կքննարկի Սիրիայի հարավում տիրող իրավիճակը և միջազգային հանրության հետ համատեղ հնարավոր միջոցները՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների, որոնք, թուրքական կողմի գնահատմամբ, գնալով ավելի են սպառնում Սիրիայի անվտանգությանը և կայունությանը։

Երկկողմ հարաբերությունների շրջանակում նախարարը կհաստատի Թուրքիայի պատրաստակամությունը շարունակելու ամրապնդել Սիրիայի հետ համագործակցության ինստիտուցիոնալ և իրավական հիմքը։ Խոսքը, մասնավորապես, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության մասին է։