Չճանաչված օբյեկտը շուրջ 20 րոպե գտնվել է Լիտվայի օդային տարածքում, որից հետո ուղղվել է դեպի Ռուսաստանի Կալինինգրադի մարզ։ Նախնական գնահատմամբ, դա կարող էր լինել անօդաչու սարք, հայտարարել է Լիտվայի Ազգային ճգնաժամերի կառավարման կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը։
«Քննությունը դեռ շարունակվում է։ Առանց օբյեկտը ձեռքի տակ ունենալու՝ շատ դժվար է որևէ բան պնդել, բայց արձանագրված պարամետրերով դա, ամենայն հավանականությամբ, եղել է անօդաչու թռչող սարք», — ասել է Վիտկաուսկասը LRT հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ առայժմ վաղ է վերջնական եզրակացություններ անել, քանի որ օբյեկտի ճշգրիտ բնութագրերը դեռ չեն հաստատվել։
Լիտվայի զինված ուժերի տվյալներով, կիրակի առավոտյան ժամը 4:05-ին Վարենայի շրջանում ռազմական ռադարները ֆիքսել են օբյեկտ, որը հատել է երկրի օդային տարածքը և մտել Կալինինգրադի մարզի օդային տարածք։ Ենթադրաբար, այն եկել էր Բելառուսի կողմից։
Վիտկաուսկասը հայտնել է, որ օբյեկտի թռիչքը լսել են նաև տեղացիները։ Միևնույն ժամանակ Ազգային ճգնաժամերի կառավարման կենտրոնի ղեկավարը նշել է, որ ռադարների հնարավորությունները թույլ են տալիս սահմանել միայն դրա բնութագրերի սահմանափակ շրջանակ։
«Դա պարզապես կետ է, որը շարժվում է որոշակի արագությամբ, որոշակի բարձրության վրա, որոշակի տարածքով։ Այնպիսի բաղադրիչներ, որոնցով կարելի է եզրակացություններ անել, իսկապես այնքան էլ շատ չեն», — պարզաբանել է նա։
Վիտկաուսկասը հայտնել է, որ օբյեկտը բավական հստակ ուղղությամբ շարժվել է դեպի Կալինինգրադի մարզ և Լիտվայի տարածքի վրայով անցել է մոտ 60–70 կիլոմետր։ Ըստ նրա, այդ ժամանակը բավարար էր, որպեսզի այն տեսականորեն կարողանար վնաս պատճառել։
Լիտվայի իշխանությունները նաև մտադիր են պարզել, թե ինչպես են արձագանքել բելառուսական և ռուսաստանյան ծառայությունները այն բանից հետո, երբ օբյեկտը հատել է այդ երկրների օդային տարածքը։
Վիտկաուսկասը չի բացառել, որ անօդաչուն կարող էր օգտագործվել մաքսանենգների կողմից։ Ըստ նրա, միայն սեպտեմբերին Լիտվայում արդեն արձանագրվել է նմանատիպ 22 դեպք։ Նա նշել է, որ օդապարիկների համար անբարենպաստ քամու ուղղությունը կարող էր մաքսանենգներին ստիպել բեռների առաքման այլընտրանքային եղանակներ փնտրել։
Միևնույն ժամանակ լիտվացի զինվորականները հայտարարել են, որ առկա տվյալները բավարար չեն օբյեկտի տեսակը ճշգրիտ որոշելու համար։ Երկրի տարածքում բնակչության կամ օբյեկտների համար անմիջական սպառնալիք չի հայտնաբերվել։
BNS-ի տվյալներով, վերջին մի քանի տարիների ընթացքում Լիտվա են մտել ենթադրաբար ուկրաինական յոթ անօդաչու սարքեր, որոնք կահավորված էին պայթուցիկներով և շեղվել էին երթուղուց ռուսաստանյան ռադիոէլեկտրոնային սարքավորումների ազդեցության պատճառով։





























