Թռչունների երամը սեպտեմբերի 13-ին դարձել է Վիլնյուսում և Լիտվայի մի քանի շրջաններում օդային տագնապի պատճառ։ Օբյեկտները, որոնք ռադարները ընդունել էին որպես հնարավոր անօդաչու թռչող սարք, լրացուցիչ ստուգվել են ՆԱՏՕ-ի կործանիչների կողմից։ Զինվորականները պարզել են, որ սպառնալիք չկա, հայտնում է Delfi-ն։

Տեղական ժամանակով ժամը 13:00-ին Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնը Վիլնյուսում, Վիլնյուսի, Տրակայի և Էլեկտրենայի շրջաններում հայտարարել է վտանգի «դեղին» մակարդակ՝ երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հավանական հայտնվելու պատճառով։ Այդ շրջանների բնակիչների բջջային հեռախոսներին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ։

Օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները, իսկ Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքներն ու վայրէջքները։ Բնակիչներին կոչ է արվել հետևել հետագա հաղորդագրություններին, նախապես որոշել մոտակա ապաստարանը կամ այլ անվտանգ փակ տարածք և անհրաժեշտության դեպքում տեղափոխվել այնտեղ։

Կործանիչները հայտնաբերել են օբյեկտներ, որոնք սկզբում կարող էին ընդունվել որպես անօդաչու թռչող սարք, սակայն տեսողական ստուգումից հետո պարզվել է, որ դա թռչունների երամ է։

«Կործանիչները դուրս են եկել օբյեկտը նույնականացնելու համար։ Նրանք պարզել են, որ ռադարների կողմից նկատված օբյեկտները թռչունների երամ է։ Ռադարների էկրաններին թռչունների և անօդաչու թռչող սարքերի ուրվագծերը շատ նման են, ուստի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ստուգում», — հայտնել է Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնը։

Հուլիսից Լիտվայի և Բալթյան մյուս երկրների օդային տարածքը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության նոր առաքելության շրջանակում հսկում են իտալական Eurofighter Typhoon կործանիչները, որոնք տեղակայված են Շյաուլյայի ավիաբազայում։

Ժամը 13:37-ին Լիտվայի բանակը հայտնել է տագնապի չեղարկման մասին և թույլ տվել բնակիչներին լքել անվտանգ վայրերը։ Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը LRT-ին հայտնել է, որ վտանգ չկա։

«Մարդիկ կարող են հանգիստ լինել։ Ըստ էության, այլևս սպառնալիք չկա», — ասել է նա։

Տագնապի չեղարկումից հետո Վիլնյուսի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։