Ֆրանսիան հաշտեցման է գնացել ԱՄՆ-ի հետ՝ սոցիալական ցանցերում արված հրապարակման պատճառով ծագած դիվանագիտական սկանդալից հետո, որը հանգեցրել էր Վաշինգտոնում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման ուշացմանը, գրում է Politico-ն։

Ժնևում ՄԱԿ-ի Ֆրանսիայի առաքելությունը ուրբաթ հետ է կանչել քննադատական հայտարարությունը, որը հրապարակվել էր հուլիսին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկությունից հետո։ AFP գործակալության տարածած հայտարարության մեջ առաքելությունն ընդգծել է, որ Փարիզի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները վերաբերում էին միայն մեկ քվեարկության և կապված չէին մարդու իրավունքների պաշտպանության հետ։

«Ֆրանսիան և ԱՄՆ-ն վերջերս տարբեր դիրքորոշումներ են զբաղեցրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ընթացքում։ Այս տարաձայնությունը վերաբերում էր մեկ քվեարկության և չէր առնչվում մարդու իրավունքների պաշտպանությանը», — ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիական կողմը նաև ընդգծել է, որ առանձին քվեարկությունների շուրջ տարաձայնությունները չեն խոչընդոտում երկու երկրների երկխոսությանը և կասկածի տակ չեն դնում նրանց պատմական դաշինքն ու խաղաղության, կայունության և բարգավաճման հարցերում համագործակցելու կարողությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։

ԱՄՆ Պետդեպարտամենտում դրական են արձագանքել Փարիզի հայտարարությանը։ Գերատեսչության ներկայացուցիչը, անանունության պայմանով, AFP-ին հայտնել է, որ Վաշինգտոնը ի գիտություն է ընդունում Ֆրանսիայի դիրքորոշումը և ակնկալում է հետագա համագործակցություն՝ ընդհանուր արժեքների և շահերի առաջմղման գործում։

Հակամարտությունը սկսվել էր հուլիսին այն բանից հետո, երբ Ժնևում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելությունը X սոցիալական ցանցում հրապարակել էր հետևյալ գրառումը․ «ԱՄՆ-ն ժամանակին մարդու իրավունքների փարոս էր։ Այլևս ոչ»։ Հրապարակումը հայտնվել էր այն բանից հետո, երբ Վաշինգտոնը քվեարկել էր ընդդեմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի լիազորությունների երկարաձգման։

Հրապարակումից երկու օր անց ամերիկյան պատվիրակությունը լքել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, երբ Ֆրանսիայի ներկայացուցիչը սկսել էր ելույթը։

France 24-ի տվյալներով, Փարիզի հաշտեցնող հայտարարությունը ճանապարհ է բացում ֆրանսիացի դիվանագետ Օրելյեն Լեշևալյեի թեկնածության հաստատման համար՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում։ Նրա նշանակումը նախկինում արգելափակվել էր Վաշինգտոնի կողմից՝ հակամարտության ֆոնին։ Լեշևալյեն, որը ներկայումս ղեկավարում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի աշխատակազմը, պետք է փոխարինի Լորան Բիլիին։

Սա Փարիզի և Վաշինգտոնի միջև առաջին դիվանագիտական հակամարտությունը չէ։ Անցյալ տարի Ֆրանսիան կանչել էր ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշներին այն բանից հետո, երբ նա նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը մեղադրել էր երկրում հակասեմիտիզմի աճի դեմ պայքարում անբավարար ջանքերի համար։