Իռլանդիայի Շենոն օդանավակայանում բողոքի ցույցի մասնակիցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել են «զզվելի» և հանդես եկել նրա այցի դեմ։ Ինչպես հաղորդում է Pa Media-ն, կիրակի օրը ամերիկացի առաջնորդի սպասվող մեկնումից առաջ օդանավակայանում հավաքվել էր մոտ 20 ցուցարար։
Ակցիայի մասնակիցները պահել են պաստառներ՝ «Թրամփին հեռացրե՛ք, ընտրե՛ք խաղաղությունը» և «Թրամփ, հեռացի՛ր — ո՛չ նավթային պատերազմին» կարգախոսներով։
Թրամփի այցի դեմ խոշոր ցույցը շաբաթ օրը տեղի է ունեցել Դուբլինում։ Պաստառներով ու դրոշակներով ցուցարարների մեծ խումբն անցել է Օ’Քոնել փողոցով։ Փոքր ակցիաներ են անցկացվել նաև Շենոն օդանավակայանում և Քլեր կոմսության Դունբեգ գյուղում, որը գտնվում է Թրամփի գոլֆի ակումբի հարևանությամբ, որտեղ ԱՄՆ նախագահը ներկա էր Irish Open մրցաշարին։
72-ամյա Օրլա Նի Էյլին, որը մասնակցել է Շենոնում անցկացված ակցիային, հայտարարել է, որ եկել է ցույց տալու, որ Իռլանդիայում կան մարդիկ, որոնք ծայրահեղ բացասաբար են վերաբերվում Թրամփի վարչակազմի քաղաքականությանը։
Ըստ նրա․ բողոքողները մտահոգված են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, այդ թվում՝ Գազայի և Լիբանանի իրավիճակով, Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությամբ և միգրանտների դեմ ամերիկյան իշխանությունների գործողություններով։ Նա նաև քննադատել է Իռլանդիայի կառավարությանը՝ Վաշինգտոնի քաղաքականության նկատմամբ ոչ բավականաչափ կոշտ դիրքորոշման համար։
Նի Էյլին ավելացրել է, որ արդեն մոտ 20 տարի կանոնավոր մասնակցում է Շենոն օդանավակայանում անցկացվող ակցիաներին։ Գազայի պատերազմի և պաղեստինյան տարածքներում իրավիճակի ֆոնին բողոքները սկսել են ավելի հաճախ անցկացվել։ Ըստ նրա, ցուցարարները դեմ են օդանավակայանի օգտագործմանը ամերիկյան ինքնաթիռների կանգառների և թռիչքների համար, այդ թվում՝ զենք փոխադրողների, քանի որ դա համարում են Իռլանդիայի անուղղակի մասնակցության ձև հակամարտություններին։
Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Ֆրենկ Գոլդենը, հայտարարել է, որ դեմ է Թրամփին և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականությանը նրա աջակցությանը։ Նա նաև ԱՄՆ վարչակազմին մեղադրել է Իրանի ուղղությամբ հարվածների և խաղաղ բնակիչների մահվան համար։
Գոլդենը հայտարարել է, որ դեմ է Թրամփի արտաքին քաղաքական կուրսին և կոչ է արել ձևավորել ձախ կուսակցությունների կոալիցիա ու փոխել ԱՄՆ միջազգային քաղաքականությունը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա ընտրություններից հետո ամերիկյան վարչակազմը կփոխվի, և քննադատել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի դիրքորոշումը։





























